Ոսկու համաշխարհային արդյունահանումը 2026թ․ կշարունակի ավելանալ, բայց աճի տեմպերը զուսպ կլինեն աշխարհաքաղաքական անկայունության ֆոնին։ Այս մասին նշվել է Ոսկու համաշխարհային խորհրդի (World Gold Council, WGC) հաշվետվությունում։

Հաշվետվության տվյալներով՝ 2025թ․ վերջին արտադրությունը հասել է ռեկորդային 3,672 տոննայի, ինչը 2024թ․ համեմատ աճել է ընդամենը 1 տոկոսով։

«Համաշխարհային հանքարդյունաբերական ընկերություններընարտադրել են 3 672 տոննա ոսկի, ինչը տարեկան համեմատական 1 տոկոս աճ է եւ տվյալների պատմության մեջ ամենաբարձր մակարդակը։ Մենք ակնկալում ենք, որ ոսկու արտադրությունը կշարունակի աճել չափավոր տեմպերով 2026թ․»,- նշվել է հաշվետվությունում։

Metals Focus-ի տվյալներով՝ 2025թ․ վերջին համաշխարհային պաշարները կազմել են 55 հազար տոննա, իսկ հանքավայրերում ոսկու ընդհանուր պոտենցիալ ծավալը գնահատվում է մոտավորապես 132 հազար տոննա։

Հաշվետվությունում նաեւ նշվել է, որ երկրի մակերեւույթին կուտակված ոսկու ընդհանուր ծավալը կազմում է մոտավորապես 220 հազար տոննա։ Մետաղը գործնականում չի քայքայվում, ուստի բարենպաստ գնային պայմաններում դրա զգալի մասը կարող է վերադառնալ շրջանառություն։

WGC-ի գնահատմամբ՝ ոսկու գլոբալ դեֆիցիտը քիչ հավանական է։ Երկարաժամկետ հեռանկարում միայն «հեշտ» հանքավայրերը՝ մետաղի բարձր խտությամբ, կարող են պակաս լինել, սակայն տեխնոլոգիական առաջընթացը եւ գների աճը նախկինում անշահավետ տարածքները շահութաբեր կդարձնեն արդյունահանման համար։ Բացի այդ, ոսկու հսկայական ծավալներ արդեն իսկ գտնվում են մակերեսին եւ կարող են վերադարձվել շուկա վերամշակման միջոցով՝ պահպանելով առաջարկի հավասարակշռությունը։