ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհուրդը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանն առաջարկ է ներկայացրել այն մասին, թե ինչպես այն կարող է վայր դնել զենքը. սա մի քայլ է, որին պաղեստինցի զինյալները մինչ օրս հրաժարվում էին գնալ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Աղբյուրներից մեկի համաձայն՝ այս առաջարկը ՀԱՄԱՍ-ին է ներկայացվել անցյալ շաբաթ Կահիրեում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ։ Իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների փոխանցմամբ՝ բանակցություններին ներկա են եղել Նիկոլայ Մլադենովը և Արյե Լայթսթոունը։ Մլադենովը Գազայում Խաղաղության խորհրդի՝ Թրամփի կողմից նշանակված բանագնացն է, իսկ Լայթսթոունը՝ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի օգնականը։

Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագիրը, որի շուրջ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել հոկտեմբերին, նախատեսում է իսրայելական զորքերի դուրսբերում Գազայից և վերակառուցման մեկնարկ, ինչը տեղի կունենա ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելուց անմիջապես հետո։ Մլադենովը հինգշաբթի օրը հայտարարել է, որ լուրջ ջանքեր են գործադրվում պատերազմից տուժած Գազային օգնություն ցուցաբերելու ուղղությամբ՝ միջնորդների կողմից համաձայնեցված շրջանակներում, ինչը կարող է նպաստել ավերակների մեջ հայտնված անկլավի վերականգնմանը։