Եվրոպական 13 երկրների եւ Կանադայի դիվանագետները շաբաթ օրը դատապարտել են իսրայելցի վերաբնակների «աճող ահաբեկչությունը» պաղեստինցիների դեմ Իսրայելի օկուպացրած Արեւմտյան ափին՝ մահասփյուռ հարձակումների բռնկումից հետո, տեղեկացրել է AFP-ն։

Ռամալահում տեղակայվող առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի սկզբից Արեւմտյան ափին վերաբնակների հարձակումների հետեւանքով վեց պաղեստինցի է սպանվել։

«Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի անվտանգության ուժերի կողմից պաղեստինյան համայնքների դեմ վերաաբնակների ահաբեկչության եւ բռնության աճը»,- նշվել է Ֆրանսիայի, Իսպանիայի եւ Միացյալ Թագավորության դիվանագիտական ​​առաքելությունների համատեղ հայտարարության մեջ։ «Մենք հատկապես սարսափած ենք վերջին շաբաթներին տեղի ունեցած պաղեստինցիների սպանություններից։ Վերաբնակ աշխարհազորայինների կողմից հողերի զավթման եւ հարկադրանքի միջավայր ստեղծելու նպատակով կատարվող բռնությունը, ինչն ստիպում է պաղեստինցիներին լքել իրենց տները, պետք է դադարեցվի»։

Հայտարարության մեջ կոչ է արվում Իսրայելի իշխանություններին «կանխարգելել եւ հետապնդել մահացու բռնության, ասպատակությունների եւ հարձակումների գործողությունները»։ Իսրայելի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը չորեքշաբթի քննադատել է Արեւմտյան ափին վերաբնակների հարձակումների աճող հաճախականությունը՝ դա անվանելով «բարոյապես եւ էթիկապես անընդունելի»։

Մոտավորապես երեք միլիոն պաղեստինցիների հետ մեկտեղ, Արեւմտյան ափի բնակավայրերում եւ առաջնադիրքերում ապրում է ավելի քան 500 000 իսրայելցի, ինչն անօրինական է միջազգային իրավունքի համաձայն։ Բռնությունն Արեւմտյան ափին, որն Իսրայելը օկուպացրել է 1967 թվականից, կտրուկ աճել է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակումից հետո՝ 2023թ․ հոկտեմբերի 7-ին, որը սկիզբ դրեց Գազայի պատերազմին։ Բռնությունը շարունակվում է, չնայած հրադադարին, եւ սրվել է Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր։