Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ շաբաթ օրը իր զինյալները բախվել են իսրայելական ուժերի հետ Լիբանանի հարավում գտնվող երկու սահմանային քաղաքներում, հաղորդել է AFP-ն։

Լիբանանը մերձավորարեւելյան ավելի լայն պատերազմի մեջ ներքաշվել է այն ժամանակ, երբ «Հեզբոլլահը» մարտի 2-ին հրթիռային հարձակումներ իրականացրեց Իսրայելի դեմ՝ ի պատասխան իսրայելա-ամերիկյան հարձակումների ժամանակ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության։

Իսրայելը պատասխանեց Լիբանանի տարածքին ուղղված զանգվածային հարվածներով եւ սահմանային շրջան ցամաքային ներխուժումներով, որոնց հետեւանքով, ըստ Լիբանանի իշխանությունների, զոհվեց ավելի քան 1 000 մարդ։

«Հեզբոլլահը» հայտարարության մեջ նշել է, որ շաբաթ օրը չորս ժամվա ընթացքում իր զինյալները «ուղիղ բախումների են մասնակցել հակառակորդ իսրայելական ուժերի հետ Խիամ քաղաքում՝ օգտագործելով թեթեւ եւ միջին զենքեր» եւ հրթիռներ։

Այս կարեւոր ռազմավարական քաղաքը, որը գտնվում է մոտ 40 կիլոմետր երկրի խորքում՝ հարավային Լիբանանի եւ հյուսիսային Իսրայելի որոշ հատվածների մոտ, իսրայելական ուժերի առաջին կետն էր, դեպի ուր առաջ էին անցել իսևայելական զորքերը վերջին պատերազմի սկսվելուց հետո: Վերջին օրերին շարժումը բազմիցս հայտարարել է, որ հարձակվել է իսրայելական ուժերի եւ տրանսպորտային միջոցների վրա Խիամում եւ շրջակա տարածքներում, կամ բախվել է այնտեղ իսրայելցի զինվորների հետ։

«Հեզբոլլահը» նաեւ հայտնել է, որ իր մարտիկները բախվել են իսրայելական զորքերի հետ Նակուրա ափամերձ սահմանային քաղաքում, որտեղ գտնվում է Լիբանանում ՄԱԿ ժամանակավոր ուժերի խաղաղապահների շտաբը:

Շարժումը հայտնել է, որ իսրայելցի զինվորները «փորձել են ներթափանցել... Նակուրայի քաղաքապետարանի շենք», ավելացնելով, որ իր մարտիկները կռվել են նրանց դեմ՝ օգտագործելով թեթեւ եւ միջին զենքեր: Իսրայելը պահպանել է իր ուժերը Հարավային Լիբանանի հինգ տարածքներում, որոնք համարում է ռազմավարական, չնայած 2024թ․ նոյեմբերին կնքված հրադադարին, որը նպատակ ուներ ավարտել «Հեզբոլլահի» հետ նախորդ պատերազմը: Այդպիսի դիրքերից մեկը գտնվում էր Լաբունայում, որը գտնվում է Նակուրայից ընդամենը երեք կիլոմետր հեռավորության վրա: Շաբաթ օրը «Հեզբոլլահը» նաեւ հայտնել է, որ իր մարտիկները հարձակվել են իսրայելցի զինվորների վրա սահմանի մոտ եւ Հարավային Լիբանանի այլ քաղաքներում:

Իր հերթին, իսրայելական բանակը հայտնել է, որ գիշերը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի»՝ Բեյրութի հարավային արվարձաններում գտնվող մի շարք կենտրոնատեղիների»: