Իրանը սեփական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգ է օգտագործել ամերիկյան F-35 կործանիչը խոցելու համար, հաղորդել է Tasnim-ը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրին։

«Ամերիկյան F-35-ը, որը Միացյալ Նահանգները նախկինում աշխարհին ներկայացնում էր որպես իր ռազմական տեխնոլոգիաների հպարտություն, թիրախավորվել է իրանական հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով»,- Tasnim-ին ասել է ռազմական աղբյուրը։

Միեւնույն ժամանակ, աղբյուրն ընդգծել է, որ Իրանը չի բացահայտել իր հարձակողական եւ պաշտպանական ռազմական որոշ տեխնոլոգիաներ, ինչը շփոթեցրել է ամերիկացիներին եւ իսրայելցիներին։

Աղբյուրի խոսքով՝ առաջավոր երկրներում հակաօդային պաշտպանության համակարգերն ուսումնասիրելիս ամերիկացիներն ու իսրայելցիները կարծում էին, որ հակաօդային պաշտպանության ոչ մի համակարգ չի կարող թիրախավորել եւ ոչնչացնել F-35-ը, սակայն նրանք ապշած էին Իրանի անհայտ, սեփական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգից։ Աղբյուրը ավելացրել է, որ առաջիկա օրերին Իրանը «կներկայացնի իր նոր հնարավորությունները թշնամիների դեմ, եւ այս պարտադրված պատերազմի յուրաքանչյուր անցնող օր նոր նվաստացում կլինի թշնամիների համար՝ չնայած նրանց տեխնոլոգիական հավակնություններին»։