Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն երկրի նախկին ղեկավար Իվան Դուկեին մեղադրել է ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռի աղետի մեջ ներգրավված լինելու համար։ Համապատասխան հայտարարությունը նա արել է X սոցիալական ցանցի իր էջում։
Պետրոյի խոսքով՝ 2020 թվականին Կոլումբիայի իշխանություններն ԱՄՆ-ից ձեռք են բերել 1983 թվականի արտադրության ինքնաթիռ։ Նա հայտարարել է, որ երկրի նախկին ղեկավարությունը չի ապահովել ավիացիոն տեխնիկայի թարմացումը՝ նախապատվությունը տալով այլ ծախսերի։
Նախագահը նաև նշել է նոր տեխնիկայի ձեռքբերման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը և կառավարությանը հանձնարարել է զբաղվել այդ հարցով:
Hercules C-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռը վթարի է ենթարկվել Կոլումբիայի հարավում գտնվող Պուտումայո դեպարտամենտում։ Ինքնաթիռում եղել է 117 ուղևոր (հիմնականում զինվորականներ), ինչպես նաև անձնակազմի 11 անդամ։ Առնվազն 66 մարդ չի գոյատևել։ Ավիաաղետը տեղի է ունեցել Պուերտո Լեգիսամոյի շրջանում՝ թռիչքից կարճ ժամանակ անց։ Վթարի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները։





























