Բեյրութի Ամերիկյան համալսարանը կիրակի հայտարարել է, որ առաջիկա երկու օրերին կաշխատի հեռավար ռեժիմով՝ տարածաշրջանում ամերիկյան համալսարանների վրա հարձակվելու Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) սպառնալիքից հետո, հայտնում է AFP-ն։
«Ինչպես ձեզանից շատերը, այսօր վաղ առավոտյան տեղեկացանք տարածաշրջանի ամերիկյան համալսարանների հասցեին հնչած սպառնալիքների մասին»,- ասված է AUB-ի նախագահ Ֆադլո Խուրիի հայտարարության մեջ։ «Այս պահին մեր համալսարանի, դրա մասնաճյուղերի կամ բժշկական կենտրոնների նկատմամբ ուղղակի սպառնալիքների ապացույցներ չկան։ Այդուհանդերձ, որպես նախազգուշական միջոց, երկուշաբթի և երեքշաբթի կաշխատենք առցանց ռեժիմով՝ բացառությամբ հիմնական անձնակազմի»։
Դասերը և քննությունները կանցկացվեն հեռավար կարգով, հավելել է Խուրին։
Կիրակի Իրանի ԻՀՊԿ-ն սպառնացել է հարվածել Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարաններին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով իրանական երկու համալսարանների ավերումից հետո։