Ամերիկյան F-16 կործանիչները կիրակի օրը՝ մարտի 29-ին, քաղաքացիական օդանավ են որսացել, որը խախտել էր Ֆլորիդա նահանգում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրի մոտ գտնվող ոչ թռիչքային գոտու սահմանները։ Այս մասին հայտնել է Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարությունը (NORAD)։

«NORAD-ի F-16 կործանիչները մարտի 29-ին Փալմ Բիչի (Ֆլորիդա նահանգ) երկնքում քաղաքացիական օդանավ են որսացել։ Այն խախտել էր թռիչքների ժամանակավոր սահմանափակման գոտին արևելյան ափի ժամանակով մոտավորապես 13:15-ին։ NORAD-ի օդանավերը թռչող սարքն անվտանգ ուղեկցել են գոտուց դուրս»,— ասված է հրամանատարության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ միջադեպի ընթացքում ամերիկյան կործանիչները ջերմային թիրախներ են կիրառել՝ օդաչուի ուշադրությունը գրավելու համար։

Միևնույն ժամանակ, CBS հեռուստաալիքի տեղական ստորաբաժանումը պնդում է, որ մարտի 29-ին մի անօդաչու թռչող սարք չափազանց մոտ է թռել Փալմ Բիչի օդանավակայանին, ինչի պատճառով օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Ըստ հաղորդման՝ միջադեպը չի խաթարել ամերիկյան առաջնորդի ծրագրերը, ով այդ պահին գտնվել է գոլֆ-ակումբում։