ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեքշաբթի արտակարգ նիստ կանցկացնի Ֆրանսիայի խնդրանքով, այն բանից հետո, երբ պաշտոնատար անձինք հայտարարել են, որ հարավային Լիբանանում ՄԱԿ-ի երեք խաղաղապահներ են զոհվել 24 ժամից էլ պակաս ժամանակում։

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL) հայտնել են, որ իրենց երկու աշխատակիցներ զոհվել են երկուշաբթի տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ևս մեկը զոհվել է կիրակի՝ իրենց դիրքերին արկի հարվածից, հաղորդում է Euronews-ը։

Ներկա պահին ՄԱԿ-ը հետաքննում է միջադեպը։ Դեռևս չի պարզվել, թե ով է պատասխանատվություն ստանձնելու։

Խաղաղության գործողությունների գծով գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Պիեռ Լակրուան հայտարարել է, որ զոհված երեք խաղաղապահներն էլ Ինդոնեզիայի բանակից էին։