Լիբանանի առողջապահության նախարարությունը երեքշաբթի հայտարարել է, որ Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև մեկ ամիս տևած պատերազմից ի վեր երկրում զոհերի թիվը հասել է 1530-ի, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Զոհվածների թվում են 102 կին և 130 երեխա, ինչպես նաև 57 բուժաշխատող, ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Լիբանանում Իսրայելի հարձակումների արդյունքում 4812 մարդ վիրավորվել է։
«Հըզբոլլահ»-ը պատերազմի մեջ է մտել Իսրայելի դեմ՝ ի պատասխան փետրվարի 28-ին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեիի մահվան։
Ի պատասխան՝ իսրայելական բանակը ցամաքային գործողություններ է սկսել Լիբանանում։





























