Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ձևաչափը ստեղծվել է 2022 թվականին և առաջին գագաթնաժողովը տեղի ունեցել Պրահայում, հիմնական նախաձեռնողները եղել են ԵՄ–ն և Ֆրանսիան։ Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով նրան, որ մայիսի 3-4–ին Երևանում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովը։
«Այս գագաթնաժողովին մասնակցում են երկրների ղեկավարները կամ կառավարությունների ղեկավարները։ գագաթնաժողովները տեղի են ունենում տարեկան երկու անգամ, մի անգամ ԵՄ անդամ երկրում, հաջորդը՝ ԵՄ ոչ անդամ երկրում»,–ասաց նա։
Փոխնախարարը նկատեց, որ այս գագաթնաժողովներում պաշտոնական փաստաթղթեր, հռչակագրեր չեն ընդունվում. «Եվրոպական քաղաքական համայնքի գեղեցկությունը հենց նրանում է, որ օրակարգը շատ ավելի լայն է, շատ ավելի ազատ է և տարածք է ստեղծում ըստ էության ազատ մտքերի փոխանակման համար։ Յուրաքանչյուր գագաթնաժողով իր որոշակի թեմատիկ ուղղվածություններն է ունենում։ Այս անգամ հաշվի առնելով նաև Հայաստանի առաջնահերթությունները, երկրների և կառավարությունների ղեկավարները մեծապես կկենտրոնանան քննարկելու հիբրիդային վտանգներին, ժողովրդավարական դիմակայությանը, հաղորդակցություններին, էներգետիկային և կանաչ փոխակերպմանը վերաբերվող խնդիրներ։ Բնականաբար, անվտանգային խնդիրները ևս կքննարկվեն»,–ասաց Կոստանյանը։
Նա ընդգծեց, որ գագաթնաժողովին ներկա կլինեն ոչ միայն ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները, այլև Բալկանյան երկրների, Արևելյան գործընկերության երկրների ղեկավարները, նաև տարբեր միջազգային կազմակերպությունների ղեկավարները, որոնց թվում են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղարը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Հարցին՝ կա արդեն ցանկը, թե որ երկրների ղեկավարներն են գալու, Վահան Կոստանյանը պատասխանեց. «Մենք այս պահին վերջնականացնում ենք ցանկը այն պետությունների ղեկավարների և կազմակերպությունների ղեկավարների, ում կհրավիրենք։ Խոսքը մի քանի տասնյակ ղեկավարների մասին է»։
Խոսելով գագաթնաժողովից ակնկալիքների մասին, ԱԳ փոխնախարարն ասաց. «Գագաթաժողովի ընթացքում ընթացքում Հայաստան են այցելելու մի քանի հարյուր լրագրողներ, ինչը թույլ է տալիս, որպեսզի Հայաստանը դառնա համաշխարհային մակարդակով քաղաքական քննարկումների կիզակետ այդ օրերին, որը բարձրացնելու է թե Հայաստանի ճանաչողությունը, տեսանելիությունը, այլև քաղաքական կշիռը։ ինձ ինչ-որ բան հուշում է, որ Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում նաև մի քանի պետությունների հետ մեր երկկողմ օրակարգերը էականորեն առաջ կընթանան, ինչ-որ դեպքերում նաև կբարձրացվեն նոր մակարդակի։Սա հարթակ է խոսելու, քննարկելու, ըստ անհրաժեշտության տարբեր փաստաթղթեր ստորագրելու, ինչ նաև մենք պլանավորում ենք։
Կլոր սեղան քննարկումներ են տեղի ունենալու, համանախագահները ներկայացնում են կարճ, թե ինչ է քննարկվել, թե տարբեր պետություններ ինչ դիրքորոշումներ են ունեցել, որին հետևելու է նաև փակման արարողությունը և մամուլի ասուլիսը։ Հայաստանի վարչապետը եվրոպացի գործընկերների հետ նաև մամուլի համար ամփոփելու է Եվրոպական քաղաքական համայնքի այս գագաթաժողովը»։
Հարցին՝ մեր հարևան երկրներից ովքեր են մասնակցելու, Վահան Կոստանյանը պատասխանեց. «Այս ձևաչափի անդամ են հանդիսանում Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան, որոնց հրավեր արդեն իսկ ուղղվել է։ Վրացական կողմից ունենք հաստատում, որ Վրաստանի վարչապետը մասնակցելու է միջոցառմանը, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից այս պահին դեռևս հաստատումներ չկան»։
Ինչ վերաբերում է նրան, որ գագաթնաժողովին, հավանական է, որ կհնչեն հակառուսական հայտարարություններ, արդյոք դա մտահոգություններ չի առաջացնում, որ Հայաստանը կընկալվի որպես հակառուսական պլացդարմ, ԱԳ փոխնախարարը նկատեց, որ Հայաստան այցելում են ոչ միայն եվրոպական գործընկերները, այլև այլ տարածաշրջաններից և Հայաստանը բոլոր ուղղություններով խորացնում է իր հարաբերությունները. «Մենք որևէ պլան չունենք հակառուսական պլացդարմ դառնալու և դա մեր օրակարգում չէ։ Հայաստանն այս պարագայում հյուրընկալ պետություն է և պիտի հավուր պատշաճի ապահովի հնարավորություն գագաթաժողովի բոլոր անդամների համար իրենց ազգային դիրքորոշումները արտահայտելու համար։





























