ԱՄՆ-ի 12-ամյա քաղաքացի Թանիշք Աբրահամը քալիֆորնիական երկու համալսարան է ընդունվել: Այս մասին գրում է America.Ru-ն:
Սաքրամենտոյի պատանի բնակիչը դպրոցն ավարտել է 10 տարեկանում, իսկ անցյալ տարի տեղական քոլեջում կրտսեր մասնագետի երեք աստիճան է ստացել:
Քալիֆորնիական Դեւիսի եւ Սանտա Քրուսի համալսարանները նրան ուսանելու են հրավիրել: Առայժմ պատանին չի որոշել, թե որտեղ է սովորելու: «Յուրաքանչյուրն իր առավելություններն ունի»,- ասել է հրաշամանուկը:
Ծնողներն ասում են՝ նա արագորեն կլանում էր ցանկացած նոր տեղեկություն, եւ 4 տարեկանում արդեն բարձր ինտելեկտ ունեցող մարդկանց կազմակերպության՝ Մենսի անդամ էր:
CBS Sacramento-ին տված հարցազրույցում նա ասել է՝ չի վախենում, որ չի կարողանա ներգրավվել ուսանողական կոլեկտիվում: «Քոլեջի իմ փորձը ցույց տվեց, որ ես սկզբում շփոթեցնում էի նրանց: Բայց հետո նրանք վարժվեցին ինձ եւ սկսեցին հավասարի պես վերաբերվել: Մենք պարզապես ընկերներ էինք»,- ասել է պատանի ուսանողը: