Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում, կնշեն պարի միջազգային օրը: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջերս մտավորականների հետ հանդիպմանը խոստացել է, որ 2013թ պարը մտնելու է դպրոց` որպես պարտադիր ուսուցման առարկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային պարարվեստի եւ պարագետների միության նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնի վարիչ Կարեն Գեւորգյանը:
Պարի միջազգային խորհրդի առաջարկությամբ, այդ օրը հռչակել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1982թ` ի պատիվ բալետի մասնագետ, ֆրանսիացի Ժան Ժորժ Նովերի, ում ծննդյան օրը ապրիլի 29-ին է: Եվրոպայում ապրիլի 29-ը շատ շքեղ նշվում է պետական մակարդակով, իսկ Հայաստանում` ոչ այդքան: Թեեւ արդեն 7-րդ տարին է` Հայաստանում կնշեն Պարի միջազգային օրը, բայց միայն այս տարի տոնի շրջանակներում Մշակույթի նախարարությունը կազմակերպել է մարզերի պարուսույց մանկավարժների վերապատրաստման դասընթացներ, որը տեւելու է մայիսի 1-4-ը:
Ամեն տարի այս տոնն ունենում է ինչ-որ խորհուրդ եւ նվիրվում է ինչ-որ բանի, օրինակ` նախորդ տարի այն նվիրված էր մոդեռն պարի մասնագետներին, 2010թ` աշխարհի բոլոր մանուկներին, իսկ այս տարի այն նվիրված է պարի թերապիային, որպեսզի պարի միջոցով բուժեն մարդկանց, այսինքն` պարը պետք է ծառայի մարդկանց բուժելուն, տրամադրությունը բարձրացնելուն, նրանց հոգեկան խնդիրները լուծելուն: Այս տարի կկարեւորվի պարի հետազոտությունները` նրա բուժիչ հատկությունները հայտնաբերելու առումով, կհայտնաբերվեն այն հիվանդությունները, որոնք կարող են բուժվել պարի միջոցով:
Ի՞նչ խնդիրներ կան Հայաստանում պարի ոլորտում
Հայաստանում չկա պարի մասին օրենք, ինչպես նաեւ այդ ոլորտը վերահսկող մարմին, այդտեղից էլ սկսվում են պարի ոլորտում առկա խնդիրները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Գեւորգյանը:
Նրա խոսքով` երբ նոր էր ձեւավորվում մեր պետականությունը, պարը չընկալվեց որպես համազգային կատարողական իմացություն, այն ընդամենը կենցաղային միջոց էր, ոչ ավելին, թերեւս դա էր պատճառը, որ մեր պարի մեջ մտան օտար շարժումներ` աղճատելով մեր պարի բնույթը եւ հոգեբանությունը: Ոլորտում առկա ամենակարեւոր խնդիրներից նա առանձնացրեց ազգային պարարվեստի տխուր վիճակը, երբ բոլոր տեսակի խմբերն օտար պարերը փորձում են հրամցնել ազգային օպարարվեստի տակ, երբ արաբական, հրեական պարերով խեղաթյուրում են այն, եւ ազգային պարերը մատնվում են խավարի եւ մոռացության:
«Պարը պետք է ունենա օրենք, ինչպես այսօր Ազգային ժողովում մշակում են թատրոնի մասին օրենք: Պարի մասին օրենք պիտի լինի, որ ամեն ոք ուզենա պարարվեստով զբաղվել, չկարողանա, չէ՞ որ սա մասնագիտություն է, Մանկավարաժական համալսարանում պարարվեստի ամբիոնւմ մենք ինչո՞վ ենք զբաղված: Կլինի՞, որ դպրոցում մայրենի լեզվի դասատուն տարրական բարձրագույն կրթություն չունենա: Սա էլ է մանկավարժություն»,- նշեց Կարեն Գեւորգյանը` շեշտելով, որ սնկի պես աճում են պարերի մասնագիտացված եւ ոչ մասնագիտացված կենտրոնների թիվը:
Երկրորդ կարեւորագույն խնդիրը, զրուցակիցս խոսքով, պարողների հարցն է, պարող տղաներ Հայաստանում չեն մնացել, որովհետեւ այդ արվեստով ընտանիք չեն կարողանում պահել, առհասարակ` շատ ցածր են աշխատավարձերը:
Պարի ոլորտում Հայաստանում առկա խնդիրներից է նաեւ տարազի, երաժշտության, ձեւավորման հարցերը: Մասնավորապես, նա իր վրդովմունքը հայտնեց, որ այսօր տարբեր շուկաներից ինչ-որ հագուստներ են գնում եւ տարազի անվան տակ հագնում ու պարում են Սայաթ-Նովա եւ «ով ասես, որտեղ ասես ելույթ է ունենում մեր պետության անունից չգիտես ինչ տարազով, ո՞վ պետք է վերահսկի»:
«Ինչպե՞ս կարելի է քար նետել դարերով հոսող մի վճիտ աղբյուրի մեջ, մի արեք էլի, գոնե սա մի կեղտոտեք էլի, երաժշտությունը կեղտոտել եք, ազգային նվագարանները կեղտոտել եք, երգը թուրքական մելիզմներով սարսափելի կեղտոտել եք, բայց մենք պարը չենք թողնելու, պարը օգնության կարիք ունի, մշակույթի նախարարությունը ձեռք է մեկնել, որպեսզի մոռացությունից հանի մեր հին պարերը»,- ասաց Հայաստանի Ազգային պարարվեստի եւ պարագետների միության նախագահը:
Նրա խոսքով` ազգային պարերի համար երաժշտություն գրող կոմպոզիտորներ չկան, այդպիսի կազմակերպություն եւ պետական մարմին եւս չկա, մինչդեռ մեկ պար բեմադրելու համար ահռելի միջոցներ են ծախսվում: Օրինակ` 3-4 րոպեանոց մեկ պար բեմադրելու համար, Կարեն Գեւորգյանի խոսքով, նվազագույն 16-ական տղաներ եւ աղջիկներ ամիսներ պետք է պարապեն, պատրաստվեն: Մեկ տարազի միջին արժեքը 75-80 հազար դրամ է, այսինքն` 32 պարողի համար այն կարժենա մոտավորապես 6000 դոլար: Դրան գումարվում է նաեւ երաժշտություև գրել, ձայհագրել, գործիքներ բերել եւ այդ պրոցեսը արժենում է մոտ 1 մլն դրամ, արդյունքում մեկ պար բեմադրելու համար անհրաժեշտ է մոտ 7000-8000 դոլար` չհաշված պարողների եւ պարուսույցների վարձատրությունը:
Կարեն Գեւորգյանը առանձնացրեց նաեւ պարուսույցների վերապատրաստման խնդիրը` շեշտելով, որ սահմանամերձ շրջաններից պարուսույցներ են ուզում, սակայն մարդ չկա ուղարկելու համար:
Նա նաեւ տեղեկացրեց, որ առաջիկա 5 տարում պարարվեստի զարգացման հայեցակարգ են մշակել, որը կօգնի դուրս բերել ոլորտը այս վիճակից: Կարեն Գեւորգյանի խոսքով` պարարվեստի ոլորտում խնդիրները շատ են եւ կուտակվել են, սակայն դրանք լուծել ցանկացող անձանց թիվը մեծանում է:
Ավելի վաղ NEWS.am-ը անդրադարձել էր, թե ինչ պարեր են սովորեցնում երեւանյան մասնագիտացված եւ ոչ մասնագիտացված կենտրոններում, ինչ գներ են, ինչի համար են մարդիկկ գնում պարի եւ այլն:
Պատրաստեց` Ինգա Մարտինյանը




























