«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանի հետ:

Նկարագրեք ձեզ որպես նկարիչ, բիզնեսմեն, պատգամավոր եւ մարդ:

Որպես նկարիչ շատ ռոմանտիկ եմ, որպես բիզնեսմեն` էլի ռոմանտիկ եմ, որպես պատգամավոր` փառասեր չեմ, որպես մարդ` արդարամիտ եւ քչով բավարարվող:

Բիզնեսի մեջ ռոմանտիկա կա՞, այն էլ` շինարարական բիզնեսում:

Հա, իհարկե:

Հիմա դուք ձեզ ավելի շատ համարում եք բիզնեսմե՞ն, նկարի՞չ, թե՞ պատգամավոր:

Արվեստագետ:

Իսկ ո՞վ է ձեր մուսան:

Բնությունը:

Քաղաքականությունը չի՞ խանգարում արվեստով զբաղվելուն` նկատի ունեմ, որ արվեստը ընկալվում է մաքուր, վեհ, իսկ քաղաքականությունը` կեղտոտ խաղ:  

Ոչ, իհարկե, չի խանգարում: Փնտրեք մաքրություն քաղաքականության մեջ եւ ամեն ինչ նորմալ կլինի:

Նկարիչ լինելը ԱԺ-ում առավելություն է, թե թերություն:

ԱԺ եկել են տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, մի քանիսն էլ թող նկարիչ լինեն:

Դժվար չէ՞ «արվեստի ոգի ունեցողին» զբաղվել քաղաքականությամբ:

Ոչ, մենք արդեն հմտացել ենք:

Վերջին անգամ ե՞րբ եք նկարել:

Անցայլ տարի:

Տեսնո՞ւմ եք`ԱԺ գործունեությունը ինչպես է ազդում, տարվա ընթացքում մի անգամ  եք նկարում:

Վերջին 20 տարում չէի նկարել: Ընդհակառակը` ԱԺ գնացի, սկսեցի նկարել (ծիծաղում է-NEWS.am):

ԱԺ-ից նկարներ ունեք, պատգամավորներին նկարո՞ւմ եք:

Մտքով եմ նկարում:

Որո՞նք են ձեր ուժեղ եւ թույլ կողմերը:

Ուժեղ եմ իմ համբերատարությամբ եւ սկզբունքայնությամբ:

Որտեղի՞ց եք գալիս եւ ո՞ւր եք գնում:

Գալիս եմ դարերի խորքից, գնում եմ պայծառ ապագա:

Եթե նորից ծնվեիք, ո՞ր դարաշրջանում եւ ո՞ր երկրում կցանկանայիք ապրել:

Կծնվեի այս դարաշրջանում եւ կապրեի այս երկրում:

Ձեր հաջողության հասնելու գաղտնիքը ո՞րն է:

Երեւակայություն եւ համբերատարություն:

Ձեր կյանքի ամենամեծ սխալը:

Կարծես չունեմ, Աստված չտա` ունենամ:  

Ինչի՞ համար եք ձեզ ամենից շատ մեղադրում:

Դյուրահավատության համար:

Ամենամեծ հաղթանակը եւ պարտությունը:

Ամենամեծ հաղթանակը այսօրվա ձեռքբերումն է, դիրքը, որ ունեմ, ճանաչված շինարար եմ, քաղաքականության մեջ քայլեր ենք անում, հասարակության մեջ ընդունված մարդ եմ: Պարտություն, չգիտեմ` ինչ համարեմ, կորցրածս պարտություն չեմ համարում:

Ո՞րն է ձեր կյանքի ամենահամարձակ քայլը:

Մի քանիսն են եղել, բիզնեսով.քաղաքականությամբ զբաղվելը:

Ինչի՞ց եք հոգնում եւ ո՞ւմ եք օգնում:

Հոգնում եմ ձանձրախոսությունից, օգնում եմ ըստ անհրաժեշտության:

Ե՞րբ եք լռում:

Երբ դիմացինս չի հասկանում:

Ինչի՞ց կամ ումի՞ց եք հիասթափվել:

Հիասթափվել եմ դավաճանությունից եւ դավաճաններից:

Ձեզ շա՞տ են դավաճանել, իսկ դո՞ւք:

Չէի ասի, թե շատ են դավաճանել, ես աշխատել եմ չդավաճանել:

Ի՞նչը կարող է ձեզ հուսահատեցնել:

Դավաճանությունը:

Ի՞նչն է ձեզ զարմացնում եւ զայրացնում:

Զարմացնել մարդկային տեսակը, զայրացնել` տգիտությունը:

Երբեւէ ամաչե՞լ եք ձեր արածի կամ ասածի համար:

Իհարկե:

Եւ՞:

Չեմ կարող մանրամասնել:

Ձեր երջանկությունը ի՞նչ գույն ունի:

Նկարչին կարելի՞ է նման հարցեր տալ: Ես կյանքին, աշխարհին նայոմ եմ բոլոր գույներով:

Օրինակ, ԱԺ-ն ո՞ր գույների մեջ է տեղավորվում, շագանակագույնի՞:

Չէ, կանաչի (ծիծաղում է-NEWS.am):

Իսկ ինչի՞ կանաչի:

Դա էլ դուք կռահեք:

Ի՞նչ կցանկանայիք փոխել ձեր կյանքում:

Երեւի ոչինչ:

Չիրականացած երազանք:

Մեծ ախորժակ չեմ ունեցել:

Ֆոբիաներ:

Բարձրությունից:

Հպարտությունը:

Ընտանիք, ընկերներ, շրջապատ:

Հոգսեր:

Լիքը, եկեք չխոսենք:

Պարտականություններ:

Իսկական տղամարդը միշտ էլ ունի պարտականություններ, առաջինն այն է, որ մենակ չապրի իր համար:

Վերջին անգամ ե՞րբ եւ ի՞նչ առիթով եք արտասվել:

Աչքերս լցրել եմ Արեւմտյան Հայաստան մայրիկիս հետ մեր տուն այցելւթյան ժամանակ:

Ձեր հարստությունների մասին շատ են խոսում: Ի՞նչ ունեք:

Ունեմ երկու շինարարական ընկերություն, մեծ քարհանք, քարերի արտադրություն:

Ամենաթանկարժեք հարստությունս հայրական տունս է` 300-400 հազար դոլար արժողությամբ, որը ես եմ կառուցել:

Առաջին միլիոնը ո՞նց եք վաստակել:

Այս ձեռքերով:

Իսկ երկրորդը, երրորդը:

Այս գլխով:

Փողի «քչությունից» կամ «շատությունից» երբեւէ նեղվե՞լ եք:

Միշտ:

«Քչությունի՞ց», թե՞ «շատությունից»:

Երկուսից էլ:

Հիմա ո՞ր պահն է:

Քչությունից եմ նեղվում: Ես շատ փող չեմ սիրում, ծախսում եմ, փողը իմ թշնամին է:

Ինչքա՞ն կցանկանայիք ունենալ, որ չունեք:

Շատ չէ, կիսատ գործեր կան: Ինձ բավարար է, իմ ընտանիքի նշաձողը երբեք չեմ բարձրացրել: Ինձ սովորեցրել են, որ կյանքի աստիճանները բարձրանալուց չպետք է դադարես բարեւել մարդկանց, իջնել էլ կա:

Փողը ձեռքի կեղտ է, մարդուն փչացնում է, չե՞ք զգացել ձեր վրա:

Սխալվում ես, փողը շատ լավ բան է, կեցությունն է որոշում գիտակցությանը: Այսօր մեր աշխատածի 70 տոկոստ բաժանում ենք` տարբեր ծրագրեր, այս կողմ, այն կողմ: Փող աշխատելը դառնում է հոբբի:100 դրամ ունեցողը 100 դրամի չափով է մտածում, 1000 դրամ ունեցողը` 1000 դրամի չափով:

Հիմա դուք քանի՞ միլիոնաչափով եք մտածում:

Միջին, միջինից մի քիչ բարձր:

Ինչո՞ւ թողեցիք բիզնեսը:

Բիզնեսը տվել եմ կառավարման, քաղաքականություն մտա, քանի որ կարծում եմ, որ շատ եմ սիրում մեր երկիրը եւ կարող եմ պիտանի լինել: Բացի տալուց` ոչ մի ակնկալիք չունեմ քաղաքականությունից:

Ի՞նչ է քաղաքականությունը, կսահմանեք:

Քաղաքականությունը հետաքրքիր գիտություն է, որը կարող է պետություն զարգացնել եւ կործանել:

Ավելի ազնիվ, անկեղծ եւ ազատ եք բիզնեսո՞ւմ, քաղաքականության մե՞ջ, թե՞ արվեստանոցում:

Իհարկե, արվեստանոցում: Այդտեղ ամեն ինչի տերը դու ես:

Իսկ ԱԺ-ում ինչի տերը չե՞ք:

ԱԺ-ում ո՞վ է ամեն ինչի տերը, ընդամենը թիմի անդամ ես, որը միասին որոշումներ է կայացնում, հաճախ այդ որոշումները քեզ դուր է գալիս, դուր չի գալիս, կայացվում են եւ հետո ընդունվում որպես օրենք երկրի համար:

Դուք ձեզնից գո՞հ եք:

Գիտեք չէ՞ ովքեր են իրենցից գոհ լինում:

Չէ, ովքե՞ր:

Չասեմ:

Ամենառոմանտիկ օրը:

Տարվա 362 օրը:

Իսկ մնացած 3-ը՞:

Պրագմատիկ են:

Մոլախաղերում ամենաշատը ինչքա՞ն գումար եք պարտվել եւ հաղթել:

Մի փիլիսոփա ասել է, ով լոտո չի գնում, նա հիմար է, ով մի հատից ավել է գնում, նա էլ է հիմար, սկզբունք է այդպես:

Կռիվների, վիճաբանությունների մասնակցել եք եւ քանի անգամ եք ծեծվել ու ծեծել:

Բազմիցս, Թերլեմեզյանում էինք սովորում, Կոնդի տղաների հետ, երբ գնում էինք պրակտիկաների, մեր աղջիկների թասիբի համար կռիվների էինք մասնակցում:

Վերջին անգամ ե՞րբ եք խոհանոցում ինչ-որ բան պատրաստել:

Անցյալ շաբաթ:

Խենթություններ հանուն սիրո:

Որպեսզի իմ ընկերուհին, այժմյան կինս, կարողանայինք մեկ օր անցկացնել, ստիպված էի ավտոբուս վարձել եւ ամբողջ դասարանին տանել էքսկուրսիա, որ ինքն էլ մասնակցեր:

Ինչպիսի՞ն է ձեր ընտրյալը: Ինչո՞ւ հենց նրան ընտրեցիք:

Եղբորս ընկերների համադասարանցին էր: Պատահական ծանոթացանք, 5 տարի ընկերություն արեցինք, ամուսնացանք: Այն կանանցից է, որ երբեք չի փորձել իմ իրավունքները սահմանափակել կամ խլել: Այսօր ես ինչ ունեմ, հալալ կեսը իր վաստակն է, որովհետեւ ինքը համբերատար, միշտ, առանց հարցեր տալու կողմ է եղել ցանկացած որոշման:

Անցած սերեր:

Հարցը պրովակացիոն է, եւ չեմ պատասխանի:

Հայտնի կանանցից գեղեցկության էտալոնը ձեզ համար ո՞վ է:

Էլի հարցը պրովակացիոն է:

Ի՞նչ անենք, մեկն էլ պրովակացիոն թող լինի: Պարոն Ախոյան, Քենեդին ասում է, որ աշխարհում չկա մի տղամարդ, որ չդավաճանի իր կնոջը: Դուք բացառությու՞ն եք:

Ինչի՞, կինը հայրենիք  է, որ դավաճանենք, դավաճանում են հայրենիքին:

Իսկ դա ո՞նց է կոչվում:

Սպորտային հետաքրքրություններ:

Հիմա դուք այդ սպորտաձեւի սիրահարների՞ց եք:

Ոչ:

Եթե Հայաստանում բազմակնություն լիներ, քանի՞ կին կունենայիք:

Բազմակնություն ունեցող ազգերը այսօր տեսեք ինչերի են հասել, շատացել են: Մեր կրոնը դա թույլ չի տալիս, եւ կարելի է ասել`ինչ-որ մի տեղ տուժել ենք:

Ընկերներիցս մեկը ասում էր, թե մարդ պետք է 361 կին ունենա, երբ հարցնում էինք, թե ինչի 361, տարին 366 օր է, նա պատասխանում էր, թե էն 5 օրն էլ մարդ լեւի չգնա:

Ինչի՞ բազմակնություն մասին օրինագիծ չեք ներկայացնում:

Համարձակությունս չի հերիքում:

Վերջին թարմ անեկդոտը զոքանչների մասին, կպատմեք:

Մեկի զոքանչի հուղարկավորության ժամանակ վերջին պահին, երբ իջեցնում են փոսի մեջ, երկնքում սկսում է շանթ, կայծակ, ամպրոպ, փեսան կնոջը ասում է` մայրդ ոնց որ տեղ հասավ հա՞:

Սիրելի հեղինակները, վերջին կարդացած գիրք:

Վերջին կարդացածս գիրք Հեմինգուեյից է, սիրում եմ Սեւակ, Համո Սահյան, Գեւորգ Էմին:

Ո՞ր հերոսին եք ձեզ նմանեցնում:

Ես` ոչ մեկի, ուրիշները` Ձմեռ պապիկի:

Երազանքների պաշտոնը, որ մեկ օրով կցանկանայիք զբաղեցնել:

Մեծ համայնքի ղեկավարի պաշտոնը:

Բա ինչի չե՞ք թողնում մանդատը եւ զբաղեցնում համայնքի ղեկավարի պաշտոն:

Չեմ կարողանում համոզեմ, որ գնամ:

Հայաստանի լավագույն քաղաքական գործիչը:

Չեմ կողմնորոշվում:

Ձեր խմբակցության ճնչող մեծամասնությունը միանշանակ պատասխանում էր Գագիկ Ծառուկյան:

Գագիկ Ծառուկյանը ավելին է, քան քաղաքական գործիչը:

Ձեր հարցը շարքին մասնակցող մյուս պատգամավորին:

Բնավորության ո՞ր տեսակն եք սիրում` խոլերիկ, սանգիվինիկ, մելանխոլիկ, ֆլագմատիկ:

Շարքին մասնակցող նախորդ պատգամավորը` ՀՀԿ-ից Շուշան Պետրոսյանը, ձեզ հարցնում է, թե ինչո՞ւ եք պատգամավոր դարձել, նա ակնկալում է ոչ տրաֆարետային պատասխան:

Երեւի նույն բանի համար, ինչ-որ Շուշանը, որովհետեւ երկուսս էլ ավարտել ենք Փանոս Թերլեմեզյանի համալսարանը:

Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը ավարտել է Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: ՌԴ-ում զբաղվել է շինարարական գործունեությամբ, «Սպիտակ տնակ» շինարարական ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է, 2003-2004թթ աշխատել է «Իտարկո Քոնսթրաքշըն» ՓԲԸ հիմնադիր տնօրեն, 2004-2010թթ` «Հայկ Արշին» ՍՊԸ հիմնադիր տնօրեն, այնուհետեւ` նախագահ: 

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Հայկ Գրիգորյանի, Մարգարիտ Եսայանի, Գարեգին Նուշիկյանի, Հովհաննես Սահակյանի, Արտակ Զաքարյանի, Կարինե Աճեմյանի, Արտակ Դավթյանի, Սամվել Ֆարմանյանի, Շիրակ Թորոսյանի, Հայկ Բաբուխանյանի, Սուքիաս Ավետիսյանի, Կարեն Ավագյանի, Էդուարդ Շարմազանովի, Տաճատ Վարդապետյանի, Սամվել Նիկոյանի, Ռուզաննա Մուրադյանի, Արթուր Գեւորգյանի, Գալուստ Սահակյանի, Մկրտիչ Մինասյանի,Մանվել Բադեյանի, Շուշան Պետրոսյանի, ՕԵԿ-ից` Հեղինե Բիշարյանի, Կարեն Բոթոյանի. Խաչիկ Հարությունյանի, Հովհաննես Մարգարյանի, ԲՀԿ-ից`Տիգրան Ուրիխանյանի, Էլինար Վարդանյանի, Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Գուրգեն Արսենյանի, Վահան Բաբայանի, Արմեն Ավետիսյանի, Բազմասեր Առաքելյանի, Միքայել Մելքումյանի, Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո), Մարտուն Գրիգորյանի,Լյովա Խաչատրյանի,Մերուժան Սիմոնյանի ՀԱԿ-ից` Լյուդմիլա Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Արամ Մանուկյանի , «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Թեւան Պողոսյանի, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանի,  Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի,  անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի