«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր ՇուշանՊետրոսյանի հետ:
Որպես մարդ, կին, մայր, երգչուհի, պատգամավոր, հարեւանուհի: Ամեն մեկի դեպքում նշեք մեկ հատկանիշ:
Սովորական մարդ, կին, մամանիկ-միմի` որդիներիցս յուրաքանչյուրն իր ձեւով է դիմում, լավատես եւ համառ պատգամավոր, կարծում եմ լավ` չափի մեջ հարեւանուհուց պեսոկ ուզող հարեւանուհի:
Ո՞րն է ձեր առաքելությունը կյանքում, կամ այսպես ասած` ի՞նչ եք տանելու ձեզ հետ այս կյանքից եւ ի՞նչ եք թողնելու ձեզնից հետո:
Յուրաքանչյուր ոք իր կյանքում առաքելություն ունի նախ հասնել կատարելության, եւ իրենից հետո թողնել իր ստեղծագործությունը, ` անկախ նրանից արվեստի գործ է, գիտական աշխատանք, կառուցած դպրոց, տուն թե մշակած այգի, բարի անուն թողնել` երգ, եկեղեցի, աստղադիտարան, խնձորի այգիներ: Ես երգ կթողնեմ ու հնարավորինս շատ բարի գործեր, իսկ հետս տանելու եմ չերգված երգերի ու հնարավորինս քիչ չիրականացած երազանքների ցուցակ:
Ի՞նչ կփոխեիք ձեր մեջ`թե արտաքինում,թե ներքին հոգեկան աշխարհում:
Հոգեկան աշխարհի հանգստությամբ եւ հարմոնիայով է որոշված յուրաքանչյուր կնոջ ու առհասարակ մարդու գեղեցկությունը: Փոխել, չեմ կարծում, բայց այդ խաղաղության ցանկությունը շատ մեծ է:
Որո՞նք են ձեր խոցելի կողմերը:
Ընտանիքս, հայրենիքս, հայ մշակույթը:
Ո՞րն է ձեր կյանքի ամենահամարձակ քայլը:
Խելառ քայլեր շատ եմ արել, «ամենան» դեռ առջեւում է:
Ի՞նչ չեք ներում ձեզ եւ հետաքրքիր է իմանալ նաեւ,թե ինչ երբեք չեք անի:
Հաճախ չեմ ներում ինձ, որ չեմ դադարում մարդկանց հավատալ, խոսքը կարեւորել, վստահել: Չեմ ներում ինձ, երբ բարեկրթությունս զենք են դարձնում ու կիրառում են հենց իմ դեմ ու բարկանալուս պահը ինչ-որ ուշանում է, հակառակ նրան, որ ամեն բան տեսնում եմ, զգում ու հասկանում: Ցածրարժեք քայլին երբեք համազոր պատասխան չեմ տա:
Մենախոսություն ձեր եւ ձեր միջեւ:
Միշտ:
Ճակատագիր կա՞, թե մարդը ինքն է որոշում ինչպես ապրել: Ձեր դեպքում ինչպե՞ս է:
Ես ապրում եմ, կռիվ եմ տալիս, հաղթանակներ ու պարտություններ եմ կրում, նորմալ է: Աստված մեզ կյանք է տալիս ու երկար ճանապարհ, բազում փորձություններով ու ընտրության իրավունքով, մենք էլ, այդ կավը ձեռքներիս, քանդակում, ստեղծում ենք մեր ճակատագիրը
Կյանքից ստացած դասեր:
Դեռ դասի եմ գնում:
Ձեր կյանքի հեքիաթը:
Այդ հեքիաթը Ջոնաթան Լիվինգսթոն ճայի մասին է:
Ինչո՞վ եք դուք տարբերվում մյուս կանանցից, պատգամավորներից եւ երգչուհիներից:
Ինչ ախմախ պատասխան կլիներ, եթե գրեի` ես լավն եմ: Իրականում ես տարբերվում եմ նրանով, որ ես ինձ նման եմ ու բոլորովին նման չեմ մյուս կանանց, պատգամավորներին,երգչուհիներին:
Ձեր մեջ ամենագովելի եւ պարսավելի հատկանիշները որո՞նք են:
Երկու դեպքում էլ` անկեղծությունը, չափազանց էմոցիոնալ լինելը, պահանջկոտությունը:
Ի՞նչ սխալներ եք գործել:
Շատ, ես ապրում եմ:
Երբեւէ ամաչե՞լ եք ձեր արածի կամ ասածի համար:
Չեմ հիշում նման բան, բայց ամոթը մարդկային զգացում է, գուցե ուղղակի չեմ հիշում:
Ամենաշատը ի՞նչ թեմաներով եք ստիպված լինում սուտ ասել կամ խաբել ինչ-որ մեկին:
Իրավիճակներ են լինում, որ երեխաներիս խուսափում եմ ճիշտն ասել, իրենք պիտի սիրեն կյանքը ու չվախենան ոչնչից, անարդարությունից, ստից, անտարբերությունից:
Երեւի հոգնել եք այդ հարցից, բայց մի հատ էլ ես հարցնեմ. ինչի՞ մտաք քաղաքականություն:
Պատասխանը շատ պարզ է, այդպես ուզեցի:
Ձեր առաջին բեմելը, երբ բարձրախոսը վերցրիք ձեր ձեռքը եւ ԱԺ-ում առաջին ելույթը: Ինչպիսի՞ զգացողություններ ունեիք, ինչո՞վ էին նման եւ տարբեր:
Երգելիս պատասխանատվություն ես կրում քո ու հանդիսատեսի առջեւ,ԱԺ-ում` հայրենակցիդ համար:
Ասել եք, որ երգելը չեք թողնելու, բայց հնարավո՞ր է արվեստը եւ քաղաքականությունը համատեղել, երկու գործ միասին կատարելապես կարելի՞ է անել, թերի կողմեր չե՞ն մնում:
Ազգային ժողովում հանդիպենք, ձեզ կհայտնեմ արդեն հստակեցված համերգիս օրը: Ամբողջ կյանքս փորձել եմ այդ մտքի սկզբանղբյուրը գտնել, ո՞վ է ասել, թե մեկից ավելի գործ հնարավոր չէ անել: Թերի գործողը ամեն տեղ է թերի, դա սկզբունքի ու աշխատանքին մոտենալու հարց է, այստեղ ուրիշ փիլիսոփայություն չկա:
Ձեր զենքը ձեր մանդա՞տն է, թե՞ երգը, որտե՞ղ եք ձեզ ավելի լավ զգում:
Իմ զենքը իմ երգն է, խոսքս, խիղճս:
Անկեղծ ասած…
Ես անկեղծ մարդ եմ:
Զայրանում եք...
Շատ...
Հոգնում եք...
Շատ...
Հուսահատվում եւ հիասթափվում եք...
Տգիտությունից:
Հաջողության հասնելու երեք պայման:
Հետեւողականություն, կամք, դիվանագիտություն:
Որեւէ մեկը կա, ում դուք ձեզ նմանեցնում եք, օրինակ` հայտնի մարդկանցից;
Չեմ մտածել այդ մասին:
Հայաստանի պատմության մեջ ամենալավ քաղաքական գործիչը ո՞վ է
Յուրաքանչյուր դարաշրջան իր ֆենոմենն է ունեցել, հեռու չգնանք, 20 -րդ դարում բացառիկ էր Գարեգին Նժդեհը:
Վերջին կարդացած գիրքը:
Ժոզե Սարամագո` «Կուրություն»:
Խոհանոցում ի՞նչ եք պատրաստում եւ ի՞նչ չեք կարողանում պատրաստել, կամ տնային գործերից որո՞նք եք տհաճությամբ անում:
Պատրաստում եմ շատ համեղ, չեմ սիրում արդուկ անել:
Մանկության չիրականացած եւ իրականացած երազանքը։
Չիրականացած երազանք բալետն է, իրականացածը`բեմելը:
Ձեր հանդերձարանը: Հայելու առջեւ:
Շատ տարբեր ոճերի է հանդերձարանս:
Երբեւէ ձեր սուրճի բաժակը նայե՞լ են, գուշակների այցելե՞լ եք:
Գուշակների չեմ այցելել, սուրճի բաժակ, իհարկե, նայել են, բա աղջիկների հետ հավաքվելու, սուրճ խմելու հավեսն ինչպե՞ս չհանել, եթե ուրիշ պատասխան կտան` չհավատաք:
Ինչքա՞ն փող կամ ի՞նչ հարստություն կցանկանայիք ունենալ, որ չունեք:
Չգիտեմ, թե հարստություն ասելով` ինչ նկատի ունեք: Փող կուզեմ ունենալ, որ երեխաներս լավ ուսում ստանան, բոլոր մերձավորներս հոգսերից ազատվեն, ինքս իրականացնեմ ու օգնեմ արվեստագետներին նոր նախագծեր իրականացնել... երանի...:
Եթե հնարավորություն ունենայիք մեկ օրով զբաղեցնել ձեր երազանքների պաշտոնը, ո՞րը կլիներ դա։
Երբեք պաշտոն չեմ երազել ունենալ. բայց այս վերջերս մի երազանք ունեմ: Մանկապարտեզ եմ ուզում բացել, ուր լավ հայեր կմեծացնեմ. գեղեցիկ հայերենով, արժանապատիվ նիստուկացով, կիրթ, ուժեղ, ազատ, երկիրն անառեւտուր սիրող միայն նրա համար, որ այստեղ են ծնվել, որ հայ են ...
Ամենառոմանտիկ օրը:
Այդպիսի օրերը «ամենա» չեն լինում, բազմագույն են լինում, ամեն մի նման օր մի գույն ունի ու բոլորն էլ`սիրելի ու կարեւոր են:
Ո՞վ կամ ի՞նչն է ձեր մուսան կամ ներշնչանքի աղբյուրը:
Չգիտեմ ինչպես պատասխանել, լիարժեք կյանքով ապրող մարդու համար ամեն ինչ կարող է եւ մուսա, եւ ներշնչանքի աղբյուր լինել:
Ասում են`իսկական տղամարդը չի խմում, չի ծխում, չի խաղում, երբեք չի վիճում ու պարզապես գոյություն չունի։ Իսկ ո՞վ է իսկական տղամարդն ըստ ձեզ:
Ինձ համար տղամարդը խելացին է, սրամիտը, հումորովը, ստեղծողը, աշխատանքից չվախեցողը, առատաձեռնն ու մեծահոգին:
Ձեր ընտանիքը:
Իմ հարստությունն է:
Ո՞րն է սեր խոստովանելու լավագույն ձեւը: Օրինակ` դուք ինչպե՞ս եք սեր խոստովանել:
Դրան ձեւե՞ր ել կան` լավ, վատ, լավագույն: Եթե չեմ սխալվում, նստած էի, թե կանգնած, չեմ հիշում:
Մինչ ամուսնանալը շա՞տ երկրպագուներ եք ունեցել եւ ի՞նչ խենթություններ են արել նրանք ձեզ համար:
Երկրպագուներ միշտ եմ ունեցել, ու հուրախություն ինձ` բոլոր սիրահետություններն ու խենթությունները շատ նրբաճաշակ ու գեղեցիկ են եղել
Ո՞վ է ձեր տղամարդը եւ ինչո՞ւ եք հենց նրան ընտրել:
Ամուսինս է, չեմ ընտրել, նրան սիրել եմ:
Քաղաքականությամբ զբաղվելու պատճառով ընտանիքում ի՞նչ վեճեր են առաջացել եւ ինչպե՞ս են դրանք հարթվում:
Վեճեր չեն առաջացել երբեք:
Դուք խանդո՞տ կին եք, իսկ ձեր ամուսինը ձեզ խանդո՞ւմ է:
Եթե կա սեր, խանդ չլինել չի կարող, պարզապես մարդ իմանա, թե ում խանդի:
Տնից դուրս գալուց առաջ ինչքա՞ն ժամանակ եք անցկացնում հայելու առջեւ:
Եթե նախօրոք գիտեմ` ինչ պիտի հագնեմ` շատ արագ, եթե ոչ` օօօօօ...:
Ասում են` կնոջ պայուսակի պարունակությունը պատմում է նրա մասին: Կխնդրեի հենց այս պահին նայեիք ձեր պայուսակը եւ թվարկեիք, թե ինչ կա այնտեղ:
Օծանելիք, շրթներկ, տանս բանալիները, դրամապանակ, թաշկինակ, երկու երեք մեքենա, տղայիս խաղալիքներն են, գրիչ, պստիկ բլոկնոտ ու թալիսման:
Աշխարհահռչակ գեղեցիկ տղամարդկանցից ո՞ւմ ընթրիքի հրավերը չէիք մերժի:
Մել Գիբսոնի:
Ձեր իմիջով որեւէ մեկը զբաղվո՞ւմ է, ունե՞ք նախընտրելի բրենդներ, որոնց հագուստը եւ աքսեսուարները գնում եք:
Իմիջովս չեն զբաղվում, սիրելի բրենդներ ունեմ, որ հիմնականում ճամփորդելիս եմ ձեռք բերում, թեեւ Երեւանում ունեմ սիրելի խանութներ, ուր,ցավոք, իմ նախընտրած բրենդները չկան, բայց կա ճաշակով ու որակյալ հագուստ:
Ամսական ինչքա՞ն գումար եք ծախսում ձեր արտաքին տեսքի վրա:
Չեմ հաշվել:
Հարեւանների կամ ընկերուհիների հետ վերջին անգամ ե՞րբ եք հավաքվել, բամբասել, սուրճ խմել եւ սուրճի գավաթ նայել:
Վաղուց եր դա, վաղուուուց...: Հարեւանուհիներից մեկի հետ եմ շփվում ու անկեղծ ասած` խաչբառ ենք լուծում:
Ասում են` կանանց մեջ անկեղծ ընկերություն չկա, երբեւէ զգացե՞լ եք, որ ձեզ նախանձեն եւ ինչի՞ համար:
Սրանք տարբեր հարցեր են: Անկեղծ ընկերություն կա կանանց մեջ, նախանձն առանձնապես չեմ կարեւորում, բայց կպատասխանեմ` նախանձում են, ինչո՞ւ, իրենք գիտեն:
Կնոջ զանազան զենքերից որոնք եք հաճախակի կիրառում` գեղեցկություն, արցունքներ եւ այլն:
Կնոջ զենքը հենց կին լինելն է:
Ասում են` երջանիկ կյանք չի լինում, լինում են երջանիկ օրեր: Ձեր կյանքի երջանիկ օրերը:
Սեր, երեխաների ծնունդ, Շուշիի ազատագրում, մենահամերգներ, շատ են նման օրերը եւ Փառք Աստծո:
Եթե իմանայիք կամ եթե իմանային...
Չեմ զղջում, չեն զղջա, դեռ չգիտեմ
Երկնքից երեք խնձոր է ընկնում...
Մեկը` դեղին, մեկը` կանաչ, մեկը` կարմիր:
Մեր շարքին մասնակցող նախորդ պատգամավորը` ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը ձեզ հարցնում է, թե ինչպե՞ս կգնահատեք Ձեր աշխատանքը Ազգային ժողովում:
Ինքն անմիջապես իմ ետեւում է նստում ու իրեն ավելի հեշտ կլինի գնահատել իմ աշխատանքը:
Այժմ, ձեր հարցը շարքին մասնակցող մյուս պատգամավորին, որը ինչպես դուք, այնպես էլ ես, չգիտենք, թե ով կլինի:
Ինչո՞ւ եք պատգամավոր դարձել, ակնկալում եմ ոչ տրաֆարետային պատասխան:
Նշենք, որ Շուշան Պետրոսյանը մասնագիտությամբ գեղանկարի եւ գծագրության ուսուցիչ է: Այնուհետեւ ավարտել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի ֆակուլտետը: Աշխատել է հագուստի եւ բեմի նկարիչ, դասավանդել է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար է: ԱԺ պատգամավոր է ընտրվել 2012թ համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Հայկ Գրիգորյանի, Մարգարիտ Եսայանի, Գարեգին Նուշիկյանի, Հովհաննես Սահակյանի, Արտակ Զաքարյանի, Կարինե Աճեմյանի, Արտակ Դավթյանի, Սամվել Ֆարմանյանի, Շիրակ Թորոսյանի, Հայկ Բաբուխանյանի, Սուքիաս Ավետիսյանի, Կարեն Ավագյանի, Էդուարդ Շարմազանովի, Տաճատ Վարդապետյանի, Սամվել Նիկոյանի, Ռուզաննա Մուրադյանի, Արթուր Գեւորգյանի, Գալուստ Սահակյանի, Մկրտիչ Մինասյանի,Մանվել Բադեյանի, ՕԵԿ-ից` Հեղինե Բիշարյանի, Կարեն Բոթոյանի. Խաչիկ Հարությունյանի, Հովհաննես Մարգարյանի, ԲՀԿ-ից`Տիգրան Ուրիխանյանի, Էլինար Վարդանյանի, Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Գուրգեն Արսենյանի, Վահան Բաբայանի, Արմեն Ավետիսյանի, Բազմասեր Առաքելյանի, Միքայել Մելքումյանի, Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո), Մարտուն Գրիգորյանի,Լյովա Խաչատրյանի,Մերուժան Սիմոնյանի ՀԱԿ-ից` Լյուդմիլա Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Արամ Մանուկյանի , «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Թեւան Պողոսյանի, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:
Շարքը` Ինգա Մարտինյանի





























