News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ հայկական համայնքի աչքերը բաց են․ մենք գիտենք, ինչպես գործել երկրի քաղաքական համակարգում։ Այս մասին NEWS.am– ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Անդրադառնալով ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին ու հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակին, Արամ Համբարյանը նշեց․ «Մենք դաս ենք քաղել, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ԱՄՆ նախագահի ոչ մի թեկնածու ու ոչ մի կուսակցություն բանալի չէ մեր խնդիրների լուծման համար։ ԱՄՆ-ում մեր հաջողության իսկական շարժիչն ու բանալին մեր համայնքի կազմակերպումն է ու էներգիան, որը գործադրվել է քաղաքական գործընթացներում։ Մենք պատրաստ ենք աշխատել Դոնալդ Թրամփի ու Սպիտակ տան հետ՝ մեր խնդիրների լուծման համար։ Բայց մենք նաեւ գիտակցում ենք, որ ամենաարժեքավորը մեր ուժն ու կամքն են։ Մենք պետք է աշխատենք քաղաքական առաջնորդների հետ ու միայն ինքներս մեզ վրա հույս դնել»։

Պատասխանելով այն հարցին, թե Թրամփի ընտրվելն ինչպես է անդրադառնալու ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա, մասնավորապես Հարավային Կովկասի ուղղությամբ, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրենը շեշտեց․ «Նախ ԱՄՆ-ում քարոզարշավի ժամանակ չի խոսվել երկրի արտաքին քաղաքականության մասին ու խոսք չի եղել Հարավային Կովկասի մասին; Երկրորդ, ինչպես հայտնի է, քարոզարշավը որոշակի տրամաբանություն ունի։ Այն տարբերվում է իրական կառավարումից։ Հիմա մենք պետք է տեսնենք փաստերը, բառերը կարեւոր չեն։ Մեր աչքերը բաց են։ Մենք բազմիցս տեսել ենք նույնատիպ խնդիրներ տարբեր նախագահների կառավարման ժամանակ՝ մենք տեսել ենք Ռեյգանին, Բուշին, Քլինթոնին, Բուշ կրտսերին, Օբամային։ Մենք գիտենք, ովքեր են այդ մարդիկ ու ինչպես մենք պետք է գործենք այդ համակարգում»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում անցած նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել հանրապետական Դոնալդ Թրամփը, որը հայտնի է իր էքստրավագանտ հայտարարություններով նաեւ Ռուսաստանի հետ հարաբերություններ հարթելու խոստումներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ