News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Տեր-Մաթեւոսյանը եւ ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու  Ռուբեն Մելքոնյանը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչ են անում Շիրակի պետական համալսարանի ղեկավարությանը չեղարկել Հովհաննես Խորիկյանին եւ Գագիկ Համբարյանին աշխատանքից ազատելու որոշումը:

Հայտարարության մեջ ասվում է.

«Ս.թ. մարտի 15-ին աշխատանքից ազատվել են Շիրակի պետական համալսարանի երկու դասախոսներ՝ պ.գ.թ., դոցենտ, պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանը եւ Գագիկ Համբարյանը։

Հայտնի է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ ներբուհական որոշակի խնդիրների շուրջ դասախոսները արտահայտում են իրենց դժգոհությունն ու անկեղծ մտահոգությունը եւ երբեմն էլ դրա համար ընտրում առավել հրապարակային մեթոդներ (ընդհուպ մինչեւ հացադուլ):

Հաշվի առնելով նաեւ գիտության եւ կրթության ապակենտրոնացման կարեւորությունը` կարծում ենք, որ մարզերում, եւ տվյալ պարագայում Գյումրիում, ավելի բարձր կրթական մակարդակ ապահովող համալսարան ունենալը առաջնահերթություն է:

Բազմակարծությունը եւ առողջ բանավեճը կարեւոր են հասարակական կյանքի բոլոր բնագավառների կենսունակության համար, սակայն ակադեմիական միջավայրում դրանք ուղղակի անհրաժեշտություն են: Ուստի, այլակարծության համար Հովհաննես Խորիկյանին եւ Գագիկ Համբարյանին աշխատանքից ազատելու որոշումը որեւէ կերպ ընդունելի չէ եւ հակասում է ակադեմիական բազմակարծության սկզբունքին:

Կարեւոր ենք համարում շեշտել, որ վերոնշյալ դասախոսները, միեւնույն ժամանակ, ակտիվ գիտական գործունեություն են ծավալում. Հովհաննես Խորիկյանը հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների եւ հոդվածների, որոնք լույս են տեսել ոչ միայն հայաստանյան, այլ նաեւ արտերկրյա հեղինակավոր գիտական պարբերականներում:

Գագիկ Համբարյանը, գիտական գործունեությանը զուգահեռ, յուրահատուկ տեղ ունի հայաստանյան վերլուծական դաշտում եւ հարկ է հատուկ առանձնացնել, որ բացի տարածաշրջանային վերլուծություններից` նա կարողանում է փորձագիտական կարծիք հայտնել Շիրակում ու Գյումրիում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացների մասին` համադրելով այնտեղի իրողությունների լավ իմացությունը եւ վերլուծական հմտությունները:

Ավելորդ չենք համարում ընդգծել, որ Հ. Խորիկյանը եւ Գ. Համբարյանը կարողանում են իրենց գիտելիքները փոխանցել ուսանողներին, ինչի շնորհիվ վայելում են նրանց սերն ու հարգանքը: Ներկայումս գերակայող միտումը` ունենալ ուսանողակենտրոն համալսարաններ, նույնպես պահանջում է, որպեսզի նման կադրերը ոչ թե հեռացվեն դասախոսական աշխատանքից, այլ ընդհակառակը` խրախուսվի նրանց գործունեությունը, որից մեծապես օգտվում են առաջին հերթին ուսանողները:

Ուստի, կարեւորելով գիտության եւ կրթության ապակենտրոնացումը եւ մարզերում գիտական կյանքի աշխուժացումը, մտահոգ լինելով Հայաստանի երկրորդ քաղաքում գործող Շիրակի պետական համալսարանի հեղինակությամբ, ծանոթ լինելով երկու դասախոսների գիտական գործունեությանը եւ ներուժին` կոչ ենք անում պատասխանատուներին չեղարկել Հովհաննես Խորիկյանին եւ Գագիկ Համբարյանին աշխատանքից ազատելու որոշումը:

Միեւնույն ժամանակ, կոչ ենք անում նորմալ ակադեմիական միջավայրին հարիր մեթոդներով քննարկել առկա խնդիրները եւ փորձել գտնել դրանց լուծման ճանապարհները: Մենք էլ, մեր հերթին, պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում մեր նպաստը ներդնել ինչպես Հայաստանի երկրորդ քաղաքի ԲՈՒՀ-ի խնդիրները լուծելու, այնպես էլ այդ կրթօջախի զարգացման հարցում»:

Վահրամ Համազասպի Տեր-Մաթեւոսյան պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ

Ռուբեն Հովհաննեսի Մելքոնյան բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր

Տպել
Ամենաշատ