News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի բիզնեսները կալանքի տակ պահելը հանցագործություն է եղել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Բարսեղ Բեգլարյանի գործով՝ Դավիթ Հարությունյանի նախագահությամբ ընթացող դատական նիստին հայտարարեց գործով վկա Աշոտ Օսիպյանը։

Նշենք, որ այս դատական նիստին շարունակվում էր վկաների հարցաքննությունը։ Ներկայացել էր 4 վկա։ Սակայն դատավորը հայտարարեց, որ այս դատական նիստը շարունակվելու է մինչեւ ժամը 16։30-ը, քանի որ այլ դատական նիստ ունի. այդ պատճառով հարցաքննվեցին միայն 2 վկաները։

Գործով վկա Աշոտ Օսիպյանը, որը «Արարատբանկի» նախկին աշխատակից է, անձնական երաշխավորություն է ներկայացրել Բարսեղ Բեգլարյանին ազատության մեջ թողնելու համար. «Քանի որ ունեցել ենք զավեշտալի դեպք։ Մարդը բիզնես-հանդիպում է ունեցել «Արարատբանկի» մյուս բաժնետիրոջ հետ։ Եվ մարդու բիզնեսները վնասելը դա հանցագործություն է»։

Մեղադրող դատախազն էլ առարկեց, թե դատարանը պետք է թույլ չտա վկային արտահայտվել նման կերպ. «Խնդրում եմ՝ վկային նախազգուշացնել, որ հանցագործություն չորակի դա»։

Վկան էլ արձագանքեց, որ ինքը ՀՀ քաղաքացի է եւ իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը։

Աշոտ Օսիպյանն ասաց, որ գործով ամբաստանյալ Արման Մկրտումյանին վարկը տրամադրվել է օրենքի եւ կանոնակարգի համաձայն. «Ոչ մի խնդիր չենք ունեցել։ Վարկի տրամադրման գործընթացին ես չեմ բարեխոսել, չեմ միջնորդել։ Վարկը տրամադրելու որոշումը կայացրել է «Արարատբանկը»»։

Դատախազի հարցին՝ վարկը տրամադրելու ժամանակահատվածում ո՞վ է եղել նշված բանկի սեփականատերը, վկան ասաց, որ բանկն ունեցել է բաժնետեր, վարկի տրամադրման ընթացքում բանկի բաժնետերերից է հանդիսացել նաեւ Բարսեղ Բեգլարյանը.

«Ունեցել ենք 3 խոշոր բաժնետերեր։ «Արարատբանկն» աշխատել եւ աշխատում է կորպորատիվ կառավարման բարձր մակարդակով, որտեղ գործադիրի, բաժնետերի եւ խորհրդի իրավունքները տարանջատված են։ Արման Մկրտումյանն այդ ընթացքում ստացել է վարկ, օրենքով սահմանված կարգով»։

Վկան ասաց, որ մինչեւ Արման Մկրտումյանի վարկ ստանալը իրենք հանդիպել են, սակայն չի հիշում, թե ինչի մասին են խոսել, քանի որ անցել է 3 տարի.

«Մենք օրական 100-200 մարդու ենք հանդիպել, խոսել, չեմ կարող հիշել, թե ինչ խոսակցություն է եղել։ Իսկ Բարսեղ Բեգլարյանի հետ խոսակցություն ունեցել եմ իր փոխտնօրենի մասին։ Ես ասացի, որ նա դիմել է մեր բանկ՝ վարկ ստանալու համար, նա ինձ ասաց՝ հիշո՞ւմ ես, ինքը պրոբլեմատիկ մարդ է»։

Հիշեցնենք, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։ Հրայր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին, իսկ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է։

Տպել
Ամենաշատ