News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը 2023 թ. իր բյուջեի շրջանակում երկուշաբթի նոր նվազագույն հարկ կներկայացնի միլիարդատերերի համար՝ առաջին անգամ առաջարկելով հարկ սահմանել 700 ամենահարուստ ամերիկացիների համար: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով 5 անձանց, որոնք քաջատեղյակ են այդ հարցին, և հղում անելով ԱՄՆ վարչակազմի փաստաթղթի, որը հայտնվել է պարբերականի տիրապետության տակ:

«Միլիարդատերերի նվազագույն եկամտի հարկի» ծրագիրը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ղեկավարությամբ, հարկի 20-տոկոսանոց նվազագույն դրույք կսահմանի բոլոր ամերիկյան ընտանիքների համար, որոնց կարողությունը գերազանցում է 100 մլն դոլարը, ասվում է փաստաթղթում: Այդ հարկով գանձվելիք նոր եկամուտների մեծ մասը կստացվի միլիարդատերերից:

Բայդենը վաղուց կողմ է արտահայտվում մեծահարուստ ամերիկացիների համար հարկերի բարձրացմանը, սակայն մինչ այս պահը Սպիտակ տունը միլիարդատերերին ուղղված հարկային ծրագիր չէր ներկայացրել:

Միլիարդատերերից շատերը կարող են շատ ավելի ցածր հարկեր վճարել, քան միջինվիճակագրական ամերիկացիները, քանի որ դաշնային կառավարությունը նրանց բաժնետոմսերի արժեքի աճի հարկ չի գանձում, քանի դեռ այդ ակտիվները չեն վաճառվել:

Սպիտակ տան կառավարման և բյուջեի վարչության եւ տնտեսական հարցերով խորհրդատուների խորհրդի՝ աշնանն անցկացված գնահատումներով՝ 2010-2018 թթ. ընթացքում միլիարդատերերի 400 ընտանիք միջինում իրենց եկամտի 8 տոկոսից փոքր-ինչ ավելի դաշնային հարկ է վճարել: Այս դրույքն ավելի ցածր է, քան այն, որը վճարում են միլիոնավոր ամերիկացիներ:

Սպիտակ տան ծրագիրը միլիարդատերերին պարտավորեցնում է հարկ վճարել՝ նվազագույնը 20 տոկոսի չափով իրենց ողջ եկամտի կամ աշխատավարձի եւ չիրացված եկամտի համադրության համար, որը նրանք կարող էին ստանալ, օրինակ, բաժնետոմսերի գնաճից:

Միլիարդատերերը, որոնք վճարում են այդ դրույքաչափից ցածր տոկոսով, ստիպված կլինեն վճարել ներկայիս վճարվող հարկի և 20-տոկոսանոց հարկի տարբերությունը: Միլիարդատերերը, որոնք արդեն վճարում են ավելի քան 20 տոկոսը, հավելյալ հարկեր չպետք է վճարեն:  

Սպիտակ տան պաշտոնյաների գնահատումներով՝ ուժի մեջ մտնելու պարագայում այս հարկը մոտ 360 մլրդ դոլարի նոր եկամուտ կբերի առաջիկա 10 տարվա ընթացքում,- ասվում է փաստաթղթում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ