News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ինձ մոտ տպավորություն է, որ գիտական ու կրթական բարեփոխումների հետ կապված իշխանությունների մոտ կա «իդեա ֆիքս»։ Եթե ավելի նուրբ տարբերակով ասեմ՝ «քաղաքական կամք», որ այնուամենայնիվ, բուհերի ու ակադեմիական ինստիտուտների միավորման որոշումն արդեն նախապես կա, և մենք պետք է այդ որոշումը կյանքի կոչենք»,- փետրվարի 2–ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։

Նա նշեց, որ այդ ենթադրության հիմք է հանդիսանում 2020-2030 թվականների ռազմավարության մեջ հստակ նշված կետը, որ ակադեմիական ինստիտուտները, գուցե ոչ ամբողջապես, նախատեսվում է տանել բուհեր։ Երկրորդ՝ նոյեմբերին եղավ վարչապետի ցուցումը կրթության գիտության նախարարին՝ մինչև նոյեմբերի 30–ը ներկայացնել այն բուհերի ցանկը, որոնք միավորվելու են և այն գիտահետազոտական ինստիտուտների ցանկը, որոնք միանալու են բուհերին։

Աշոտ Մելքոնյանը հղում կատարեց Վրաստանի փորձին. Հնագիտության և ազգագրության, ինչպես նաև պատմության հսկայական ինստիտուտներ ունեին՝ մոտ 300 գիտաշխատողով։ Երբ այն միավորեցին պետական համալսարանի հետ, մնաց 32 գիտաշխատող։ «Մեր գործընկեր Գեորգի Ճեիշվիլու հետ հանդիպում ենք, ասում է՝ ողբալի վիճակ է մեզ մոտ։ Կատակով ասում են՝ հայ–վրացական վեճը պատմաբանների շրջանում ավարտվեց հայերի հաղթանակով»։ 

Նա հիշեցրեց, որ նախկին նախարար Վահրամ Դումանյանը ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկանին ասել էր՝ շուտով ձեր ֆակուլտետը ուժեղացնելու ենք՝ Պատմության, Արևելագիտութան ու Հնագիտության և ազգագրութան ինստիտուտները բերելով ձեզ մոտ։ «Ուրեմն, իշխանություններն ընդունո՞ւմ են, որ այդ ինստիտուտներն ուժեղ են, հետևաբար դրա հաշվին  կուժեղանան բուհերը։ Իսկ ինչո՞ւ բուհը չի գալիս իր գիտական կառույցով դեպի ակադեմիա։ Խոսքը վերաբերում է ասպիրանտուրային և դոկտորանտուրային», – ասաց նա։

Ինստիտուտի տնօրենը թերահավատորեն է վերաբերում այն բանին, որ գիտնականների ձայնը լսելի կլինի։  «Թեև Ակադեմիան հանդիսանում է կառավարության խորհրդատու, այնուամենանիվ, վերջին շրջանում չի եղել մի դեպք, որ մեզ կանչեն և խորհուրդ հարցնեն։ Վերջին հանդիպումը, երբ մասնագիտական առումով պատմաբանները անհրաժեշտ են եղել կառավարությանը, եղել է դելիմիտացիայի և դեմարկացիայի խնդիրը։ Արտգործնախարարությունում քննարկում է եղել, և բաց տեքստով ասեմ, որ ներկաների մի զգալի մասը չգիտեր, թե ինչ բան է դելիմիտացիան, ինչ բան է դեմարկացիան, միշտ հերթականությունը խառնում էին», – ասաց նա՝ խնդրելով նախարարին պարզաբանել՝ կա՞ արդյոք որոշման մի նախնական տարբերակ, որի շուրջ պետք է փորձել հարմարվել, և ԳԱԱ առաջարկությունները պետք է իրականության մեջ երկրորդեն այդ որոշմանը։

Տպել
Ամենաշատ