News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 28-ից մայիսի 17-ը Երևանում, Գյումրիում և Աբովյանում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 21-րդ փառատոնը:

ԿԳՍՄՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ այս տարի փառատոնի մասնակից երկրներն են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Լեհաստանը և Վրաստանը: Կուցադրվի 20 մոնոներկայացում, 7-ը՝ միջազգային ծրագրում։  

Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոօպերա, մոնոդրամա, մոնոդոկ:

Մոնոներկայացումները կցուցադրվեն «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Օպերա», «Արմմոնո-Դեբյուտ» խորագրերի շրջանակում։

Կանցկացվի նաև հատուկ նախագիծ «Թատրոն-Դրամա.am» էլ․ կայքի հետ, որի շրջանակում նախատեսվում են թատերական ընթերցումներ՝ «Բաժանություն հայկական ձևով» խորագրի ներքո, որտեղ կներկայացվեն հայ դրամատուրգների ստեղծագործությունները (բեմադրիչ՝ Տաթև Ղազարյան)։ 

«Արմմոնո» փառատոնի մեկնարկը կտրվի ապրիլի 28-ին՝ ժամը 20։30-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում․ կներկայացվի փառատոնի նոր պաշտոնական կայքը։ Բացման արարողության ընթացքում մի շարք թատերական գործիչներ կպարգևատրվեն «Արմմոնո» հուշամեդալով։

Փառատոնի օրերին Երևան կժամանեն միջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ, փորձագետներ, որոնք կանցկացնեն վարպետության դասեր։ Միջազգային ծրագրում հանդես կգան Անտոն Մոզգալյովը «Դահիճը» (ՌԴ), Յուլիա Կուդրյաշովան «Այն մեկին ո՞վ գիտի» (Ղազախստան), Նազգյուլ Կարաբալինան «Մոնո» (Ղազախստան), Դմիտրի Նիկոլայենկոն «Հեզը» (ՌԴ), Ալեքսեյ Կուլակովը «Լուսնի քաղաքացին» (Բելառուս), Իրինա Մեղվինետուխուցեսին «Ագնեսը․ Ուիլլի կինը» (Վրաստան) մոնոներկայացումներով:

Տեղական ծրագրում հանդես կգան Վարսենիկ Ավանյանը «Սպասում», Լիլիա Մուկուչյանը «Վարեչկա»,  Մարիամ Մանոն «Ապրե´լ», Արմեն Քուշքյանը «Համլետի երազները» մոնոներկայացումներով: Նշենք, որ «Համլետի երազները» մոնոներկայացումը նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին․ այն բեմադրիչի վերջին աշխատանքն է։

Այս տարի «Արմմոնո» փառատոնը կշեշտադրի հայ երիտասարդ դրամատուրգների, բեմադրիչների, դերասանների գործեր, որոնք առաջին ինքնուրույն քայլերն են անում դեպի մեծ բեմեր։

Աշխարհում ընդունված և ճանաչված արդի թատերական ժանրերից՝ մոնոներկայացումը, հարազատ և սիրելի է հայ հանդիսատեսի համար: Մեծ է փառատոնի կարևորությունն ու նշանակությունը հայաստանյան մշակույթի զարգացման և թատերարվեստի մոնոժանրի խթանման, ինչպես նաև միջազգային ասպարեզում հայ թատերական արվեստը ճանաչելի դարձնելու գործում:

Տպել
Ամենաշատ