ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերությունը այլեւս մուրաբաներ եւ ընկերության այլ արտադրանք չի բաժանի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում գտնվող «Հայասի գրուպ» ընկերության տնօրեն, ՕԵԿ-ական Արծրուն Աղաջանյանը: Ավելին` նա հավատացրեց, որ ընկերությունը մուրաբաներ չի էլ բաժանել:
«Ոչ ՕԵԿ-ը նման մտադրություն չունի: Մուրաբաներ չի էլ բաժանել»,- նկատեց Արծրուն Աղաջանյանը: Այնինչ` նույն Արծրուն Աղաջանյանը նախընտրական քարոզարշավին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր.« Բնակչությանը բաժանվող «Հայասի գրուպ» ընկերության մուրաբաները գործարանի առաջին արտադրանք են` փորձնական, ուստի տնօրինության համար շատ կարեւոր է, որ մարդիկ որոշակի տեղեկություն ստանան այդ մուրաբաների որակի մասին»: Իսկ հարցին, թե հնարավոր է, որ ընտրություններից հետո էլ մուրաբաներ բաժանեն Արծրուն Աղաջանյանը ասել էր.«Եթե առիթ լինի, անհրաժեշտություն լինի այո էլի կբաժանենք մեր կուսակցականներին: Նման առիթների դեպքում, անպայման, փորձելու ենք շնորհավորել»:




























