Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն, այսօր` հունիսի 25-ին, հանդիպել է Աբովյան- Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցման  տնտեսվարողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է   տնտեսվարողների բարձրացրած  հարցը: Վերջիններիս ներկայացվել է, որ Երեւանի քաղաքապետարանը ներկայումս մշակվում է մայրաքաղաքի գետնանցումների  կառավարման հայեցակարգը: Մինչ այդ, տնտեսվարողներին առաջարկվել է  մեկ տարի ժամկետով վարձակալության պայմանագիր կնքել:

Գետնանցումների  կառավարման հայեցակարգի պատրաստ լինելուն պես կքննարկվի նաեւ  երկարաժամկետ պայմանագրեր կնքելու հարցը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցման կրպակների տերերն ու աշխատողներն այսօր առավոտյան բողոքի ցույց են անցկացրել նախագահի նստավայրի եւ Ազգային ժողովի մոտ: Նրանք կանգնած են եղել Բաղրամյանի պողոտայի եւ Դեմիրճյանի փողոցների խաչմերուկում` Ավստրիայի նախագահի ժամանելու ճանապարհին: «Պարոն նախագահ, Դուք մեր վերջին հույսն եք», - գրված էր պաստառներից մեկի վրա:

Կրպակների օրինականացման համար քանիցս դիմել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարությանը եւ քաղաքապետարանին, սակայն` ապարդյուն, պատմում է կրպակատերերից մեկը` Հարությունը: Կառույցները օրինականացնել ըստ սեփականաշնորհման վկայականների չեն կարող. ժամանակին դրանք չեն տրամադրվել:

«Մի անգամ մեզ քաղաքի հատակագիծն են ցույց տվել, որտեղ գետնանցման մեջ մեր կրպակները նշված էին: Բայց հիմա ասում են, թե առայժմ մեզ հետ միայն կարճաժամկետ վարձակալության պայմանագրեր կկնքեն», - ավելացրել է նա: