Հայաստանի  կառավարության նոր ծրագրի վրա հեղինակները մեծ ջանքեր չեն թափել, հակառակ դեպքում այն կլիներ առավել մանրամասն եւ սպեցիֆիկ, ճիշտ գնահատված կլինեին ցավոտ կետերը, որոնք եղել են կառավարության գործունեության մեջ։ Այս մասին, այսօր` հունիսի 25-ին, լրագրողների հետ  հանդիպմանն ասաց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը: «Այսօր խոսքը նույն վարչապետի եւ նույն կառավարության մասին է, որը, մեղմ ասած, լավ չդրսեւորեց իրեն նախորդ շրջանում։ Բնական է, որ հաջորդ հինգ տարվա ծրագիրը գրելիս՝ ակնկալելու էինք, որ կլինի վերլուծություն, թե ինչո՞ւ նախորդ ծրագիրը չի կատարվել։ Պարզապես ասել՝ տնտեսական ճգնաժամ է, քիչ է, որովհետեւ միշտ ճգնաժամ է լինելու»,- ասաց նա:

Նրա խոսքով` ծրագիրն արդարացիորեն է քննադատվել նաեւ ԱԺ-ում։  Այս առումով  խմբագիրը դրական է համարում խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը,քանի որ իշխող կուսակցությանը դժվար կլինի ամեն անգամ օրինագծերն անցկացնել: «Կարծում եք ամեն անգամ կհաջողվի օլիգարխներին, գործարարներին քաբաբնոցներից բերել խորհրդարան, որպեսզի նրանք քվեարկե՞ն: Չեն կարողանա, երբեմն դա կլինի դժվար: Իսկ հետո արդեն գեներալները կնստեն իրենց օբյեկտներում ու այսպես ասած «պեռերիվ» կանեն»,- իր կարծիքն արտահայտեց Ա.Աբրահամյանը:

5 գումարման ԱԺ-ն խմբագիրը համեմատեց 1990թ-ի Գերագույն խորհրդի հետ` հաշվի առնելով քաղաքական ուժերի փոխհարաբերակցությունն ու արտահայտվելու առկա ազատության մակարդակը:

Անդրադառնալով 2013թ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին՝ «Առավոտի» խմբագիրը կարծիք հայտնեց, որ կառաջադրվեն Պարույր Հայրիկյանը, Արամ Կարապետյանը, ԲՀԿ-ից  Վարդան Օսկանյանը, իսկ ՀԱԿ-ից՝ Հրանտ Բագրատյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի