ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը դեմ է Արցախի՝ հանքարդյունաբերական երկիր դառնալուն: Այս մասին նա գրել է Facebook»-յան իր էջում, պատասխանելով Արցախում նոր հանքավայրերի շահագործման վերաբերյալ իրեն ուղղված հարցին:
Վ. Բալասանյանն իր էջում, մասնավորապես, գրել է.
«Այս էջում ինձ հարց են ուղղել Արցախում նոր հանքավայրերի շահագործման վերաբերյալ: Իմ դիրքորոշումն այս հարցում, հստակ է` ես դեմ եմ Արցախի` հանքաարդյուանբերական երկիր դառնալուն: Արցախի բնակիչները հայտնի էին իրենց երկարակեցությամբ եւ ամուր առողջությամբ: Սակայն վերջին տարիների անցուդարձը, որակյալ սննդի պակասը, առողջապահության անբավարար վիճակը բերել են կյանքի տեւողության կրճատման:
Այսօր այս ամենին ավելանում է նոր մարտահրավեր` բնապահապանական խնդիրները: Արցախը հնարավորինս զերծ պետք է մնա սեփական ընդերքի օգտագործումից , շեշտը պետք է դրվի գյուղատնտեսության զարգացման, էկոլոգիապես մաքուր այլ ճյուղերի զարգացման վրա:
Հարկավոր է ամրագրել ԼՂՀ տնտեսության բնապահպանական ուղղվածությունը` որպես տնտեսության զարգացման հիմնական ուղղություններից մեկը` էկոլոգիապես մաքուր ապրանքների արտադրության եւ իրացման, հանգստյան գոտիների եւ զբոսաշրջության խրախուսման ձեւով»:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի ընտրությունները կայանալու են հուլիսի 19-ին: Ապրիլի 23-ին իր թեկնածությունն է առաջադրել գործող նախագահ Բակո Սահակյանը, իսկ ապրիլի 28-ին` Արցախի հերոս, Ազգային ժողովի պատգամավոր, ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վիտալի Բալասանյանը:
ԼՂՀ-ի նախագահական նախկին ընտրությունները տեղի են ունեցել 2007 թվականի հուլիսի 19-ին: Նախագահ էր ընտրվել Բակո Սահակյանը, որն, ըստ պաշտոնական տվյալների, հավաքել էր ընտրաձայների 85,12 տոկոսը:


























