Մոսկվայում, հունիսի 14-ին կայացած «Դրամների համաստեղություն - 2012» հուշադրամների 6-րդ միջազգային մրցույթին Հայաստանի կենտրոնական բանկի կողմից 2011 թ. թողարկած «Հայաստանի խաչքարերը» արծաթե հուշադրամների շարքը եւ «Արտաշատի հիմնադրման 2200-ամյակ» ոսկե հուշադրամը արժանացել են մրցանակների:

ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական հուշադրամներն արժանացել են հետեւյալ մրցանակների.

- «Հայաստանի խաչքարերը»` 2-րդ տեղի մրցանակ «Տարվա հավաքածու» անվանակարգում:

- «Արտաշատի հիմնադրման 2200-ամյակ»` 3-րդ տեղի մրցանակ «Տարվա հուշադրամ» անվանակարգում:

«Դրամների համաստեղություն - 2012» հուշադրամների միջազգային մրցույթը անցկացվում է 2007 թվականից սկսած, յուրաքանչյուր տարի:

2012 թ. մրցույթին մասնակցել են թվով 42 կազմակերպություն 29 երկրներից (ազգային բանկեր, դրամահատարաններ եւ մատակարար կազմակերպություններ): Մասնակիցների կազմում եղել են.

• Լատվիայի, Լիտվայի, Մեքսիկայի, Բուլղարիայի, Ղրղզստանի, Լեհաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, Տաջիկստանի, Ռուսաստանի եւ Հայաստանի կենտրոնական բանկերը.

• Ավստրալիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Անդորայի, Լեհաստանի, Սինգապուրի, ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի, Նոր Զելանդիայի, Ֆրանսիայի, Իսրայելի, Սանկտ-Պետերբուրգի եւ Մոսկվայի դրամահատարանները:

• Կազմակերպություններ, ինչպիսիք են` Coin Invest Trust (Լիխտենշտեյն), Emporium Hamburg (Գերմանիա), NumisCollect (Նիդեռլանդներ), PAMP, International Coin House (Շվեյցարիա), Treasures of Oz (Ավստրալիա) եւ այլն:

Մրցույթին ներկայացված էր 2011 թ. թողարկման ավելի քան 250 հուշադրամ եւ 28 հուշադրամների հավաքածու: Այս ցուցանիշը համարվում է ռեկորդային «Դրամների համաստեղություն» հուշադրամների միջազգային մրցույթի ողջ պատմության մեջ:

Հաղթողներին որոշել է ժյուրին, որի կազմում էին թվով 40 փորձագետներ համաշխարհային հայտնի թանգարաններից եւ աճուրդի տներից, հուշադրամներ մատակարարող ընկերություններից, դրամագիտական ասոցիացիաներից եւ մասնագիտացված հրատարակչություններից: