Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահը խախտում է ընտրական օրենսգիրքը:
Հայտարարությունում ասվում է.
«ԼՂՀ նախագահի ընտրությունների հետ կապված արցախյան որոշ պաշտոնյաներ ակտիվ գործունեություն են սկսել Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Նրանցից է ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Արամայիս Ավագյանը, ով ֆեյսբուքի իր էջում տարածում է նախագահի թեկնածու Բակո Սահակյանի քարոզչական նյութերը եւ հանդես գալիս այս թեկնածուի օգտին նախընտրական քարոզչությամբ:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ մասով դատավորներին, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, դատախազության մարմինների աշխատակիցներին (ծառայողներին), զինծառայողներին արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել»:



























