«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը առաջարկներ է ներկայացրել «Թռչկան ջրվեժ» բնության հուշարձանի անձնագրի վերաբերյալ:

Նախաձեռնությունն անդրադարձել է Հայաստանի Բնապահպանության նախարարության կայքում զետեղված բնության հուշարձանի անձնագրին եւ առաջարկել է նախագծում հուշարձանի անվանումն ուղղել` ոչ թե Թռչկանի, այլ Թռչկան ջրվեժ:

«Նախագծի 5-րդ կետում տեղադիրքը եւ աշխարհագրական կոորդինատները թերի են նշված, հարեւան համայնքի անվանումը նշված չէ, պետք է նշել, որ Թռչկան ջրվեժը գտվում է Մեծ Պառնի եւ Շիրակամուտ համայնքների վարչական սահմանագծում, ամբողջությամբ ընդգրկված է ՀՀ Լոռու մարզի Մեծ Պառնի համայնքի վարչական սահմանում, Չիչխան գետի վրա...

Նախագծի 6-րդ կետում նկարագրությունը բաժնում նշված է, որ ջրի շիթի բարձրությունը կազմում է 20-22 մետր: Մեր կարծիքով, ջրվեժի բարձրությունը փաստացի չի չափվել մասնագետի կողմից, այլ գրվել է մոտավոր, իսկ մենք մեր նախաձեռնությամբ ջրվեժի վերեւի հատվածից իջեցնելով չափանշված ճոպան պարզել ենք, որ նրա բարձրությունը 23,5-24 մետր է: Առաջարկում ենք կամ ուղղել, կամ համապատասխան մասնագետներ ուղարկել եւ չափել ջրվեժի բարձրությունը ու անձնագրում նշել ճիշտ չափը:

Նախագծի 7-րդ կետում քարտեզ-հատակագծի բաժնում` պահպանման գուտու մակերեսը նշված է մեկ հեկտար (1հա), որը մեր կարծիքով շատ քիչ է, իսկ A հանգուցակետի վայրի ընտրությունը անհասկանալի: Մեր կարծիքով A հանգուցակետը պետք է գտնվի Չիչխան գետի այն կետում, որտեղ կատարվում է Շիրակամուտի ջրանցքի ջրառը, քանի որ  գետահովիտի այդ հատվածը ներդաշնակ միասնության մեջ է ջրվեժի հետ ու հիմնականում ծառապատ է եւ նույնպես ունի պահպանման կարիք: Բացի այդ քարտեզ-սխեմաների մեջ մասշտաբները նշված չեն, որը մեր կարծիքով շատ կարեւոր է:

Նախագծի նույն 7-րդ կետում` նշված է Գետիկ գետի անունը որպես Չիչխանի վտակ, սակայն մեզ չհաջողվեց գտնել որեւէ տվյալ` այդպիսի անունով վտակի մասին: Հետաքրքիր է, թե որտեղից է վերցված այդ տեղեկությունը:

Առաջարկում ենք նախագծի 7-րդ կետում հանել «Թռչկանի ջրվեժի շրջակա տարածքներում հանդիպում են սահմանափակ տարածքներով ծառախմբեր» նախադասությունը:

Հաշվի առնելով, որ Թռչկան ջրվեժը Հայստանի ամենաբարձր եւ ամենաջրառատ գահավիժող ջրվեժն է՝ առաջարկում ենք տալ հանրապետական նշանակության բնության հուշարձանի կարգավիճակ, այլ ոչ թե տեղական՝ ինչպես նշված է նախագծի 10-րդ կետում:

Նախագծի 12-րդ կետում առաջարկվող օգտագործման ձեւերը նշված են տուրիստական եւ ռեկրեացիոն նպատակներով: Առաջարկում ենք դրա փոխարեն օգտագործել «էկոզբոսաշրջություն» բառը: Բացի այդ, նշված չէ տվյալ տարածքում էկոզբոսաշրջության զարգացման հնարավորությունները, կանոնները եւ սահմանափակումները. օրինակ` Թռչկան ջրվեժին մոտեցող արահետների ուղղությունները, որը մեր կարծիքով խիստ կարեւոր է եւ անհրաժեշտ է ներառել սույն հուշարձանի անձնագրում:

Առաջարկում ենք նաեւ նախագծում նշել նաեւ, թե Թռչկան ջրվեժը երբ է գրանցվել որպես բնության հուշարձան, որոշման ամսաթիվն ու համարը (ՀՀ կառավարության 14.08.2008թ. «ՀՀ բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» թիվ 967-Ն որոշմամբ հաստատված հավելվածի ջրագրական հուշարձաններ ցանկի 6-րդ կետ):

Թռչկան ջրվեժի նկարագրությունը շատ աղքատիկ է, ոչ մի խոսք չկա կլիմայի, կենսաբազմազանության, սեյսմիկ եւ տեկտոնական առանձնահատկությունների մասին, որոնց մասին անպայման պետք  է նշված լինի բնության հուշարձան համարվող օբյեկտի անձնագրում»,- ասված է «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության հաղորդագրության մեջ: