Ազգային Ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանը այլ քաղաքական ուժի անդամակցելու գաղտնի դիմում չունի:

Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղար  Զոհրապ Եգանյանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Վերջին շրջանում մամուլում պարբերաբար կեղծ տեղեկություներ են շրջանառվում կապված ԱԺ պատգամավոր, գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սամվել Բալասանյանի քաղաքական կենսագրության հետ:

Համաձայն այդ հրապարակումների,  իբրեւ թե գոյություն  ունի  պարոն Բալասանյանի կողմից  այլ քաղաքական ուժի անդամակցելու համար ստորագրված դիմում: Ակնհայտորեն  կեղծ դիմումի գոյության մասին խոսակցությունների կապակցությամբ հայտարարում եմ, որ Սամվել Բալասանյանի քաղաքական կենսագրությունը միշտ եղել է թափանցիկ եւ այնտեղ չկան թաքնված, կամ հանրությանն անհայտ էջեր:

Իրականության հետ բացարձակապես կապ չունեցող եւ երբեմն ծիծաղ առաջացնող լուրեր տարածողներին, ովքեր ամենայն հավանականության շփոթմունքի մեջ են, կոչ եմ անում դրսեւորել զսպվածություն եւ պարկեշտություն»:

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, թե Բալասանյանը, ով համարվում է Գյումրիի քաղաքապետի հավանական թեկնածուներից մեկը, ժամանակին դիմում է ներկայացրել ՀՀԿ-ին անդամակցելու համար, եւ Գյումրիի ներկայիս քաղաքապետը սպառնացել է հրապարակել այդ դիմումը: