ԵԱՀԿ գրասենյակը լրագրողների համար կազմակերպում է աշխատաժողովներ` կրոնի եւ արտահայտվելու ազատության վերաբերյալ:

Հուլիսի 19-ից 21-ը հայ լրագրողների համար կազմակերպված եռօրյա աշխատաժողովի թեմաներն են` կրոնի կամ համոզմունքի, արտահայտվելու ազատության ազգային օրենսդրությունը, ինչպես նաեւ ոլորտին առնչվող մարդու իրավունքների ԵԱՀԿ եւ միջազգային չափորոշիչները: Աշխատաժողովը կազմակերպել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ-ն` ԵԱՀԿ երեեւանյան գրասենյակի աջակցությամբ:

Միջոցառման նպատակն է խթանել ճշգրիտ լուսաբանումը` բարձրացնելով լրագրողների գիտելիքները ազգային օրենսդրության, մասնագիտական էթիկայի եւ միջազգային չափորոշիների վերաբերյալ, որոնք առնչվում են ազատ արտահայտվելու, մտքի, խղճի եւ կրոնի ազատության հետ, ինչը կօգնի լրատվամիջոցների ներկայացուցիչներին իրենց աշխատանքում արդյունավետ անդրադառնալու իրավական բնույթի մարտահրավերներին:

Լրատվամիջոցների մոտ 20 գործող լրագրողներ եւ ուսանողներ կվերլուծեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք գործեր եւ մոտիկից կծանոթանան Տեղեկատվական վեճերի խորհրդի (ՏՎԽ) առաքելությանը եւ համապատասխան խորհրդատվական կարծիքներին` որպես արտադատական անկախ մարմին Հայաստանում, որը հիմնադրվել է 2011թ.–ին` ի պատասխան մամուլի դեմ զրպարտության հայցերով դատավարությունների թվի զգալի աճի: Աշխատաժողովները վարում են իրավական փորձագետներ, ինչպես նաեւ լրագրության եւ կրոնի պատմության մասնագետներ:

Աշխատաժողովները հաջորդում են նմանատիպ քննարկումներին, որոնք կազմակերպվել էին անցյալ տարի: Լրագրողների համար եւս մեկ աշխատաժողով կկազմակերպվի օգոստոսի 2-ից 4-ը: