Հայաստանի նախկին ԱԳ նախարար, ներկայումս ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է ԼՂՀ-ում անցկացվող նախագահական ընտրություններին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Արցախում այսօր նախագահական ընտրություններ են: Լավ է, որ ընտրությունները ձեւական չեն, եւ կա բավական լուրջ ընդդիմադիր թեկնածու: Հուսանք, որ կոպիտ խախտումներ եւ ընտրակեղծիքներ չեն լինի:

Ճիշտ է՝ ժողովրդավարությունը միայն ընտրություններով չի որոշվում, բայց ընտրությունները հասարակության եւ միջազգային հանրության համար ժողովրդավարության մակարդակի ամենատեսանելի եւ շոշափելի ցուցիչն են:

Դժբախտաբար, այսօր արդեն միջազգային ընկալման մեջ, ինչպես ցույց է տալիս Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցը, Արցախն ու Ադրբեջանը նույն մակարդակում են հայտնվել՝ ոչ ազատ երկրների շարքում: Արցախին վերաբերող ցուցիչի փոփոխությունը պայմանավորված է եղել նրանով, որ 2010թ. ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին ոչ մի ընդդիմադիր թեկնածու չի մասնակցել: Հայաստանը նույն այդ զեկույցներում անկախության սկզբներից դասվել է մասամբ ազատ երկրների շարքում, բայց վերջին տարիներին իր հավաքած բալերի տեսանկյունից անընդհատ նահանջ է արձանագրել եւ հասել է արդեն ոչ ազատ երկրների դասակարգման նախաշեմին:

Ինչու է այս ամենը կարեւոր: Անկախ նրանից, թե մենք ինչպես ենք վերաբերվում Freedom House-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների գնահատականներին, փաստ է, որ խոշոր երկրներն ու միջազգային կազմակերպությունները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մասին կարծիք են կազմում ոչ թե մեր իշխանությունների հայտարարություններով եւ տեղական հեռուստատեսությունների ռեպորտաժներով, այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների զեկույցներով ու գնահատականներով:

Այսօր նաեւ փաստ է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը փակուղում է: Բայցեւայնպես, բանակցությունների հիմքում հաջողվել է ամրագրել հայկական կողմի համար մի շատ կարեւոր սկզբունք՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Փակուղային նման իրավիճակները վտանգ են պարունակում, որ փակուղուց դուրս գալու ելքեր փնտրելիս միջազգային հանրությունը գնա այնպիսի ճանապարհով, որը կարող է սպառնալ այդ սկզբունքի գոյությանը: Հայկական դիվանագիտությունը ինքը փակուղուց դուրս գալու նախաձեռնությունը պետք է վերցնի՝ նպատակ ունենալով ոչ միայն պահպանել այդ սկզբունքի գոյությունը, այլեւ այն դնել նոր հարթության վրա:

Իրոք, այսօր մեր խնդիրը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման հարթությունից նրա՝ արդեն ինքնորոշված լինելու փաստի միջազգային ճանաչման հասնելը: Դա անելու կարեւորագույն նախապայմաններից մեկն այն է, որ Հայաստանն ու Արցախը ժողովրդավարացման չափանիշներով համեմատության եզրեր չունենան Ադրբեջանի հետ եւ այդ չափանիշներով իրական մասը կազմեն եվրոպական մեծ քաղաքակրթության:

Ահա նաեւ ինչու է այսքան կարեւոր թե՛ Ղարաբաղում, թե՛ հաջորդ տարի Հայաստանում ազատ, արդար եւ մրցակցային նախագահական ընտրությունների անցկացումը»: