Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն, այսօր` հուլիսի 19-ին, հանդիպել է Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ:
Ողջունելով դեսպանի այցն Ազգային ժողով՝ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ երկու եղբայրական ժողովուրդների միջեւ դեռեւս շատ վաղուց ձեւավորված սերտ կապերը կասկածի տեղիք երբեք չեն տվել, եւ այս հադիպումը լավ առիթ է՝ անդրադառնալու նաեւ միջխորհրդարանական համագործակցությանը, որը սպասվածի չափ ակտիվ չէ:
Թենգիզ Շարմանաշվիլին, շնորհավորելով Նաղդալյանին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ, նույնպես անդրադարձել է այն իրողությանը, որ վերջին տարիներին երկու խորհրդարանների միջեւ համագործակցությունը թույլ է եղել այն դեպքում, երբ երկրների նախագահների մակարդակով հանդիպումներ են կայացել, հայ-վրացական հարաբերություններն անցել են սերտացման ճանապարհ:
Նա հույս է հայտնել, որ ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի հետ համագործակցելու ավելի շատ առիթներ կլինեն, եւ պատրաստակամություն՝ անձամբ նպաստելու դրան:
Կողմերն անդրադարձել են հանձնաժողովների մակարդակով միջխորհրդարանական կապերը խորացնելու հարցին, ինչի կապակցությամբ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժաղովում հաջողությամբ գործում է Հայ -վրացական միջխորհրդարանական կապերի հանձնաժողովը, եւ խնդրանքով դիմել է Թենգիզ Շարմանաշվիլիին՝ նպաստելու, որ ընդլայնվի Վրաստանի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի կազմը, իսկ հնարավորության դեպքում ստեղծվի հանձնաժողով:
Հ. Նաղդալյանը նաեւ հաջող ընթացք է մաղթել Վրաստանում աշնանը սպասվող խորհրդարանական ընտրություններին:



























