Սթենֆորդի բժշկական դպրոցի հետազոտողները առանձնացրել են գեների մի քանի մուտացիաներ, որոնք պատասխանատու են երեխաների մոտ ուղեղի առավել տարածված քաղցկեղի` մեդուլլոբլաստոմայի, համար, ինչը թույլ է տալիս մոտակա երկու տարում գտնել առավել հասցեական եւ ավելի քիչ թունավոր դեղամիջոցներ այդ հիվանդության դեմ: Համապատասխան հետեւությունները հրապարակվել են Nature ամսագրում, հաղորդում է Սթենֆորդի բժշկական դպրոցի մամուլի ծառայությունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Գոյություն ունի մեդուլլոբլաստոմայի բոլոր տեսակների միատեսակ բուժման միտում` առանց հաշվի առնելու, թե որքանով է ուռուցքը հետերոգեն մոլեկուլյար մակարդակում: Այս հետազոտությունը թույլ է տալիս բուժման նոր մեթոդներ զարգացնել:

ԱՄՆ-ում տարեկան շուրջ 250 երեխայի նման ախտորոշում է տրվում: Վիրահատությունից հետո երեխաները ենթարկվում են ճառագայթային բուժման եւ քիմիաթերապիայի, սակայն այդ բուժումը հաշվի չի առնում ուռուցքի գենետիկ բնույթը:

Գիտնականների թիմը ուսումնասիրել է 92 ուռուցքների ԴՆԹ-ն եւ դրանք համեմատել նույն հիվանդների արյան մեջ ԴՆԹ-ի նմուշների հետ: Հետազոտողները հայտնաբերել են 12 առանցքային մուտացիաներ` գենետիկ կոդի նվազագույն փոփոխություններ, որոնք հաճախ հանգեցրել են ուղեղի քաղցկեղի:

Թեեւ ոչ մի ուռուցք չի ունեցել բոլոր 12 մուտացիաները, գիտնականները կարողացել են դասակարգել ուռուցքները: «Հիմա մենք գիտենք, որ գոյություն ունեն ուռուցքների հատուկ տեսակներ` յուրահատուկ գենետիկ նշումներով, որոնք կայուն են ստանդարտ բուժումների հանդեպ»,-ասել է Սթենֆորդի դպրոցի նյարդաբանության ամբիոնի դոցենտ, Յուն Ջե Չոն: