ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հրանտ Գրիգորյանի տղան ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսից դիմում է գրել եւ գնացել է իր պարտքը տալու հայոց բանակին: «Փոխանակ ասեք` ապրի ձեր տղան, ապրեք Դուք, եսիմ ինչ հարցեր եք տալիս: Կարար չէ՞ ավարտեր, նոր գնար կամ, ոնց որ շատերը չեն ծառայել, ինքն էլ չծառայեր»,- նշեց Հրանտ Գրիգորյանը` արձագանքելով անանուն նամակի հիման վրա ՀՀ ՊՆ քննչական ծառայության 7-րդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվող նյութերին, որը վերաբերում է իր որդուն` ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի պարտադիր ժամկետային զինծառայող Թաթուլ Գրիգորյանին: Վերջինս նաեւ հարցրեց, թե նման մեղադրանքները ինչի են անանուն հնչեցնում եւ, երբ փոխանցեցինք, որ նամակի հեղինակը վախենում է, որ հետապնդման կենթարկվի արձագանքեց.«Օֆֆ, վերջ տվեք, է: Վախենում են: Էս, ո՞ր դարն ա, որ վախենան: Հիմա նյութեր են նախապատրաստել, լավ են արել: Թող քննեն տեսնեն ինչ խնդիր կա: Ես ոչ մի խնդիր չունեմ»: Իսկ հարցին, թե այդ անանուն նամակից հետո փորձել է գնալ զորամաս կամ խոսել որդու հետ արձագանքեց.«Իմ տղան բանակում ծառայում է եւ ես, ոչ զանգում եմ, ոչ խոսում եմ, ոչ վերցնում եմ, ոչ էլ դնում եմ: Հետո էլ դա իմ վրա չեն գրել: Բանակի վրա են գրել, ինձ ասում եք` ես ի՞նչ անեմ: Երբ, որ իմ տղան գյուղում, Երեւանում կամ ինչ, որ մի տեղ մի վատ արարք գործած լինի այդ ժամանակ ես պատասխան կտամ: Ինքը զինվոր ա եւ իրա ծառայությունն ա անցկացնում եւ ինչքան էլ գիտեմ խելոք էլ ծառայում ա»:
Հիշեցենք, որ հուլիսի 25-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը անանուն նամակ էր ստացել` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հրանտ Գրիգորյանի որդու `զինծառայող Թաթուլ Գրիգորյանի պահվածքի վերաբերյալ, որտեղ մասնավորպես ասվում է «Շատ վատ ա էտ վաշտում վիճակը, և ոչ ոք ոչինչ չի կարող անել, էտ զինվորը համարյա ամեն օր հարբում ա, գիշերվա ժամը 4-ին մտնում ա զորանոց, գոռում ա, մյուս զինվորներին քնից հանում ա, ջարդում-փշրում ա, սաղ վախի մեջ են քնում, որ ինքը խմած ա լինում, ինչ կուզի կանի, ինքը ՀՀԿ-ական ազգային ժողովի պատգամավորի տղա ա, ամեն ամսվա վերջ զինվորներից հավաքում ա իրանց հասանելիք 3400 դրամը, հոգեպես ճնշում ա, ինքը ամենակարողն ա»:
Լուսանկարը` http://www.aravot.am




























