Ռուսաստանը շարունակում է մշտական սպառնալիք հանդիսանալ Վրաստանի համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն՝ Վաշինգտոնի Կարնեգի կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ։ «Ռուսաստանը մշտական սպառնալիք է իմ երկրի համար։ Միջազգային ասպարեզում կարևոր դերակատար լինելու Ռուսաստանի ցանկությանը հակասում է այն, որ նա մշտապես խախտում է միջազգային օրենսդրությունը»,- հայտարարել է Վաշաձեն։
Ըստ նրա, Ռուսաստանը երկար տարիներ շարունակ տարածաշրջանում իր գերիշխանությունը (այդ թվում էներգետիկ) հաստատելու ձգտմամբ արհամարհում է միջազգային իրավունքի նորմերը։ Վաշաձեն նշել է, որ Ռուսաստանը միջազգային անվտանգությանը ամրապնդելու փոխարեն, վատնում է իր ջանքերը՝ հարձակվելով «փոքր հարևանի» վրա։
Մինչդեռ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը հայտարարել է, որ անցած տարվա օգոստոսին Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Ռուսաստանի պահվածքը շատ ամերիկացիների աչքին երևում է մի քիչ այլ, պակաս գորշ գույներով, քան դա նկարագրում է Վաշաձեն։ «Ես չեմ կարծում, որ իմ նկարագրած պատկերը ծայրահեղություն է»,- պատասխանել է Վաշաձեն՝ վրաց-ռուսական հարաբերություններին «պակաս պաշտոնական» բնութագիր տալու Էվանսի խնդրանքին։
«Ես կգերադասեի խոսել ռուսական հարուստ մշակույթի և լեզվի մասին, սակայն սա է իրականությունը։ Ես չեմ փորձում պատկերն ավելի վատ նկարագրել, քան այն կա»,- հայտարարել է Վաշաձեն՝ փաստացի Ռուսաստանին մեղադրելով՝ վրացական իշխանությունների, աբխազների և օսերի միջև ուղիղ բանակցություններին խոչընդոտելու համար։



























