Արդեն մեկ տարի տեւող թուրք-իսրայելական լարվածությունը նոր որակներ է ձեռք բերում։ Երկար ժամանակ պաշտոնական Իսրայելը լուրջ չէր արձագանքում Թուրքիայի մեղադրանքներին։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամեն անգամ արաբական որեւէ երկրի պաշտոնյայի հետ հանդիպելիս արդեն ավանդույթ է դարձրել մեղադրել Իսրայելին՝ պաղեստինյան ժողովրդին կոտորելու մեջ։ Իսրայելը երկարատեւ լռությունից հետո՝ յուրահատուկ պատասխան տվեց։

2009 թվականի փետրվարին դավոսյան հայտնի Էրդողան-Պերես երկխոսությունից հետո թուրք-իսրայելական հարաբերություններում շատ լարված միջադեպեր են տեղի ունեցել։ Սակայն 2010-ի հունվարի 11-ին Իսրայելի փոխարտգործնախարարի կողմից Իսրայելում Թուրքիայի դեսպանի արհամարհական ընդունելությունը շատ բան ունի ասելու։ Նախ Իսրայելի ԱԳՆ պատասխանել էր Թուրքիայի վարչապետի քննադատություններին եւ շեշտել, որ Թուրքիան իրավունք չունի Էթիկայի դասեր տալու Իսրայելին։

Դրանից հետո Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոն Թուրքիայի դեսպանին հրավիրել է ԱԳՆ եւ բողոքի նոտա հանձնել նրան՝ թուրքական հեռուստաընկերություններից մեկի եթերով հակաիսրայելական սերիալ ցուցադրելու համար, որտեղ իսրայելական հատուկ ծառայության աշխատակիցը ներկայացվում է որպես երեխա առեւանգող: Հանդիպման ժամանակ Այալոնը հրաժարվել է սեղմել Թուրքիայի դեսպան Ահմեդ Օղուզ Չելիքոլի ձեռքը, երբ այդ մասին խնդրել են լրագրողները: Ավելին, նա եբրայերեն ասել է լրագրողներին. «Մենք միայն ցանկանում ենք, որպեսզի ընդգծվի, որ նա մեզանից ավելի ցածր աթոռին է նստած, եւ որ սեղանին միայն մեկ դրոշ կա»: Ապա անգլերենով դիմել է դեսպանին ասելով. «Ցավոք, ինչ-որ բան մեզ անհանգստացնում է, որը ես ցանկանում եմ քննարկել Ձեզ հետ առանց մամուլի ներկայության, որպեսզի պահպանվի գաղտնիությունը»:

Այս պատմության մեջ մեծ աղմուկ հանեցին, մասնավորապես, իսրայելական թերթերի կողմից հրապարակած լուսանկարները, որտեղ շատ պարզ երեւում է, որ Իսրայելի ԱԳ փոխնախարարը նստած է ավելի բարձր տեղում՝ քան թուրք դեսպանը, եւ այս տեսարանը թուրք դեսպանին նվաստացնող տպավորություն է թողնում։ Իսրայելում Թուրքիայի դեսպանը հեռախոսով թուրքական NTV հեռուստաընկերության մի հաղորդման ժամանակ հայտնեց, որ երբ իրեն հրավիրել են հանդիպման՝ ինքը նկատել է լրագրողների եւ լուսանկարիչների առատություն եւ այն հարցին թե ինչու են այսքան շատ լրատվամիջոցներ, պատասխանել են, որ Թուրքիան մեծ երկիր է եւ ինքն էլ Թուրքիայի պես մեծ երկրի դեսպանն է։ Թուրք դեսպանը այնուհետ հեռախոսով նշել է, որ ինքը 35 տարվա դիվանագետ է, սակայն երբեք նման ծաղրանքի չէր արժանացել։ Թուրքական NTV-ն նշում է, որ Իսրայելում Թուրքիայի դեսպան Չելիքոլի խոսքերից պարզ է դառնում, որ Իսրայելը սա նախորօք պլանավորել էր, թե՛ թուրք դեսպանին ավելի ցածր աթոռին նստեցնելը, թե՛ հատուկ այդ պահը նկարահանելն ու տարածելը։

Անմիջապես հաջորդ օրը՝ հունվարի 12-ին Թուրքիայում Իսրայելի դեսպան Գաբի Լեւին կանչվեց Թուրքիայի արտգործնախարարություն, որտեղ նրանից բացատրություն պահանջվեց Իսրայելի ԱԳ փոխնախարար Դանի Այալոնի կողմից թուրք դեսպանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար եւ հայտնվեց, որ սպասում են Իսրայելի կողմից ներողության հայցմանը։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվա մեկնելուց առաջ օդանավակայանում լրագրողներին հայտնեց, որ եթե Իսրայելի կողմից նման գաղափար է իրականցվում՝ ապա Թուրքիան դրա դեմ պատասխան կգտնի։

Թուրքական CNNturk-ը անմիջապես ներկայացրեց Իսրայելի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Բեն Էլիզերի քննադատությունը Իսրայելի ԱԳ փոխնախարարի արարքի համար։ «Դանի Այալոնի արարքը երեխայի արարք է, թուրք դեսպանի պատիվը անհրաժեշտ է պահել։ Թուրքիան կարեւոր երկիր է, եւ նրա հետ մեր հարաբերությունները շատ կարեւոր են»,-ասել է պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող Իսրայելի առեւտրի նախարարը, ով 2009-ի հոկտեմբերին իսրայելցի գործարարների հետ այցելել էր Թուրքիա։

Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, որ Իսրայելը պետք է ներողություն խնդրի դիվանագիտական խայտառակ վարվելակերպի համար, հակառակ դեպքում Անկարան հետ կկանչի Իսրայելում իր դեսպանին՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։

Հունվարի 12-ի գիշերը Իսրայելի փոխարտգործնախարարից բացատրություն եկավ հիշյալ դեպքի կապակցությամբ։ Դանի Այալոնը նամակի մեջ նշում էր, որ ինքը նպատակ չի ունեցել թուրք դեսպանի պատվի հետ խաղալու եւ հաջորդ անգամ բողոք հայտնելիս դիվանագիտական այլ միջոցներով դա կանի։ Այս համատեքստում հետաքրքիր արտահայտություն է արել Անկարայում Իսրայելի նախկին դեսպան Ալոն Ալիելը, ով քննադատել է իր երկրի ԱԳ փոխնախարարին՝ ասելով. «Արդեն դեսպանին ցածր աթոռին են նստեցնում, այդ ի՞նչ նոր դիվանագիտություն են հայտնաբերել։ Կարող է մյուս անգամ էլ դեսպանին նստեցնեն ցածր աթոռին ու ծեծե՞ն»։

Դանի Այալոնի ոչինչ չասող բացատրությունը չգոհացրեց Թուրքիային։ Թե՛ Թուրքիայի ԱԳՆ-ը, թե՛ նախագահը հայտարարեցին, որ մինչ հունվարի 13-ի երեկո սպասում են Իսրայելի կողմից պաշտոնական ներողության։ Եւ այդ ներողությունը գալիս է Իսրայելում Թուրքիայի դեսպան Օղուզ Չելիքոլի անունով. «Անձամբ Ձեզ եւ թուրք ժողովրդին իմ հարգանքն եմ հղում։ Մեր երկրների տեսակետները տարբերվում են, եւ չնայած դրան՝ վստահեցնում եմ ձեզ, որ դրանք մեր իշխանությունների միջեւ բաց, փոխադարձ հարգանքի վրա հիմնված դիվանագիտական աղբյուրներով է անհրաժեշտ կարգավորել։ Ձեզ նսեմացնելու ոչ մի մտադրություն չեմ ունեցել։ Տեղի ունեցած անհարթության համար ներողություն եմ խնդրում։ Խնդրում եմ սա շատ հարգելի թուրք ժողովրդին էլ փոխանցեք»,-նշվում է Իսրայելի ԱԳ փոխնախարարի նամակում, որը Իսրայելում Թուրքիայի դեսպանի միջոցով հասել էր Անկարա։

Թուրքիան պահանջեց ներողություն եւ ստացավ այն, իսկ Իսրայե՞լը։ Դժվար է մտածել, որ Իսրայելը այս ամբողջ ընթացքը հաշվարկած չլիներ։ Համարյա լրանում է դավոսյան իրադարձությունների մեկ տարին, որի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել էր Իսրայելի նախագահին պաղեստինյան խաղաղ բնակչության կոտորածի մեջ եւ հրապարակավ լքել էր խորհրդաժողովի դահլիճը, եւ սա էլ կարծես Իսրայելի պատասխանը եղավ Թուրքիային։ Բայց մի հետաքրքիր զուգադիպություն նկատվեց։ Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից ԱՄՆ եւ Ռուսաստան այցերի ժամանակ՝ Թուրքիայի կյանքում բավականին լուրջ ու տհաճ միջադեպեր հանկարծակի տեղի ունեցան։ Ու այդ երկու միջադեպերի մեջ Թուրքիայում շոշափում են Իսրայելի անունը։ Այսպես, 2009-ի դեկտեմբերին Էրդողանի ԱՄՆ այցի ընթացքում Թուրքիայի Թոկատի նահանգում տեղի ունեցավ ժանդարմերիայի 7 զինծառայողների սպանությունը, որը ալեկոծեց Թուրքիան, իսկ արդեն Էրդողանի Ռուսաստան այցից ժամեր առաջ հայտնի է դարձավ թուրք դեսպանի հետ տեղի ունեցած փաստը, որը ոտքի հանեց ամբողջ Թուրքիան։ Հետաքրքիրը այն է, որ Թոկատի նահանգում ժանդարմերիայի 7 զինվորականների սպանության գործում կրկին խոսվում է Իսրայելի հատուկ ծառայությունների մասին։ Թուրքական Star թերթի լրագրող Շամիլ Թայարը գրում է, որ Թոկատում տեղի ունեցած 7 զինվորականի սպանության հետեւում կանգնած է Իսրայելը, իսկ PKK-ն (Քրդական բանվորական կուսակցություն) ընդամենը գործիք էր՝ դա իրականացնելու համար։ Թուրքական պարբերականի լրագրողը հիշեցնում է, որ Քանդիլ լեռ, որտեղ թաքնվում է PKK-ն, ամենաշատը այցելում են իսրայելական MOSSAD-ի գործակալները։

Անդրանիկ Իսպիրյան