Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն բավարարված է Իսրայելի կողմից ստացած պաշտոնական ներողությունով։ Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Խորվաթիայում գտնվող Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ այս աստիճանում խնդիրը մեր համար լուծված է, եւ հույս է հայտնել, որ այսուհետ ամեն ինչ կարվի դիվանագիտական քաղաքավարության կանոնների շրջանակներում։

Նշենք, որ Մոսկվայից վերադարձած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նույնպես բավարարել էր Իսրայելի ներողությունը։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Իսրայելի ԱԳ փոխնախարար Դանի Այալոն հրավիրել էր Իսրայելում Թուրքիայի դեսպանին եւ հանդիպման ժամանակ նրան նստեցրել ավելի ցածր աթոռի վրա, Իսրայելի բողոքը փոխանցել թուրք դեսպանին՝ թուրքական «Գայլերի հովտի որոգայթը» սերիալի դեմ, որտեղ իսրայելցի գործակալները ներկայացվում են որպես երեխաներ առեւանգողներ։ Այնուհետ դեսպանի հետ հիշյալ տեսարանի լուսանկարները տարածվել էին իսրայելական մամուլում, ինչը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել Թուրքիայում։ Թուրքական իշխանությունները պահանջեցին Իսրայելի կողմից պաշտոնական ներողություն։ Իսրայելը նախ ուղարկեց բացատրություն, որ Դանի Այալոն նպատակ չի ունեցել նսեմացնելու թուրք դեսպանին։ Սակայն սա չբավարարեց Թուրքիային։ Հունվարի 13-ի ուշ երեկոյան Անկարան ստացավ իր ուզած Դանի Այալոնի կողմից ուղարկված պաշտոնական ներողությունը՝ Իսրայելում Թուրքիայի դեսպանի անունով, ուղերձի մեջ իսրայելցի պաշտոնյան թուրք դեսպանից եւ թուրք ժողովրդից ներողություն էր խնդրում իր արարքի համար։