ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հունիսի 23-ին պահանջել է փոփոխություններ մտցնել Հայաստանի ժողովրդավաչական ինստիտուտների գործունեության մասին ԵԽԽՎ նոր բանաձեւի նախագծի մեջ։

Մասնավորապես Եվրախորհրդի հայաստանյան պատվիրակության անդամն առաջարկել է բանաձեւում ներառել փաստահավաք խումբը վերականգնելու եւ նրա աշխատանքների միջազգային անկախ փորձագետների ներգրավելու պահանջը։ Բացի այդ, Փոստանջյանը առաջարկել է ներառել մի դրույթ, ըստ որի համազեկուցողները պետք է պարտավորված լինեն մինչեւ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը այցելել Հայաստան՝ վերջինիս ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին տեղում ծանոթանալու եւ զեկույցը ըստ այդմ կազմելու համար։

Զարուհի Փոստանջյանը նաեւ մտադիր է հուլիսի 24-ին ԵԽԽՎ-ում հանդես գալ մարտի 1-ի դեպքերի ընթացքում զոհվածների սպանության հանգամանքների պարզման հարցով հատուկ զեկուցող նշանակելու առաջարկով։