Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով միակուսակցական բռնատիրության եւ քաղաքացիական ֆաշիզմի համար վերջին ժամանակներս սուր քննադատության է արժանանում Թուրքիայի «Ժողովրդահանրապետական» ընդդիմադիր կուսակցության կողմից, պատասխանել է իրեն ուղղված մեղադրանքներին։ Այս մասին հայտնում է Today’s Zaman-ը։

Թուրքիայի վարչապետը, մասնավորապես, հայտարարել է, որ «եթե մարդիկ դժգոհ լինեին, կարող էին այս կառավարությունից ազատվել՝ չքվեարկելով նրա օգտին»։ Դիմելով Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայկալին եւ նրա կույր հետեւորդներին՝ Էրդողանը հայտարարել է. «Ինչո՞ւ եք արցունքներ թափում, թե մենք ընտրությունների ժամանակ կարող ենք հավաքել ընդամենը 26 տոկոս ձայներ։ Եթե դա իրոք այդպես է, „Ժողովրդահանրապետական“ եւ „Ազգային շարժում“ կուսակցությունները կստանան մոտավորապես 40 տոկոս քվեներ։ Այս կառավարության ղեկավարման ժամկետի ավարտին մեկուկես տարի է մնացել, հետո, միգուցե, դուք կգաք իշխանության։ Սակայն զրպարտությունը ձեզ ոչ մի տեղ չի տանի»։