Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն մշակել է տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների 50,37 տոկոսը։
ԿԸՀ տվյաներով, Տարածաշրջանների կուսակցության ղեկավարի՝ Վիկտոր Յանուկովիչի օգտին քվեարկել է ընտրողների 36,86 տոկոսը, ներկայիս վարչապետի՝ Յուլյա Տիմոշենկոյի օգտին քվեարկել է 24,31 տոկոսը։
Բանկիր Սերգեյ Տիգիպկոյին իրենց ձայները տվել են 13,08 տոկոսը, «Ճակատ՝ հանուն փոփոխությունների» շարժման ղեկավար Արսենի Յացենյուկին՝ 6,8 տոկոսը, Ուկրաինայի գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոյին՝ 4,87 տոկոսը։
Ուկրաինայի կոմունիստների ղեկավար Պյոտր Սիմոնենկոյի օգտին քվեարկել են 3,62 տոկոսը, Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Լիտվինին իր ձայնը տվել է 2,38 տոկոսը։ Այս թեկնածուներին իրենց հավաքած քվեներով հաջորդում են «Ազատություն» կուսակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկը՝ 1,31 տոկոս, Գերագույն ռադայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անատոլի Գրիցենկոն՝ 1,17 տոկոս, պատգամավոր Իննա Բոգոսլովսկայան՝ 0,43 տոկոս։
Բոլոր 18 թեկնածուներին դեմ է քվեարկել ընտրողների 2,23 տոկոսը։
Հիշեցնենք, որ նախօրեին՝ հունվարի 17-ին, Ուկրաինայում կայացավ նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Ընտրությունների ընտրողների ներկայանալու ցուցանիշը գերազանցել է 66տոկոսը։
Քանի որ թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել հավաքել ընտրողների ձայների 50 տոկոսը՝ գումարած 1 ձայն, ընտրությունների ելքը կորոշվի երկրորդ փուլում, որը տեղի կունենա փետրվարի 7-ին։




























