Ուկրաինական ԿԸՀ-ի կողմից Վրաստանից ժամանած դիտորդներին չգրանցելու միջադեպը դիվանագիտական սկանդալի չի վերածվի: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գրիգոլ Կատամաձեն՝ Կիեւում կայացած մամուլի ասուլիսում:
«Դիտորդների մեծ կամ փոքր քանակությունը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա»,- նշել է դիվանագետը՝ հավելելով, որ վրացական կողմը դիտողություններ չունի Ուկրաինայում:
Միեւնույն ժամանակ, Կատամաձեի խոսքով, վրացական կողմն իր դիտորդներին գրանցելու հարցում պահպանել է ուկրաինական օրենսդրության բոլոր պահանջները, իսկ գրանցվելու խնդրանքը ժամանակին է ներկայացվել: Ուկրաինայի ԿԸՀ-ն լուրջ հակափաստարկներ չի ներկայացրել վրացական դիտորդներին մերժելու հարցում:
Հիշեցնենք, որ Ուկրաիանայի ԿԸՀ-ն դրական որոշում չէր կարողացել ընդունել Վրաստանից ժամանած դիտորդների գրանցման ժամանակ՝ ձայների անբավարար քանակության պատճառով: Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հրապարակել էին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հեռախոսազրույցը՝ Կիեւ վրացական հատուկ նշանակության ջոկատ ուղարկելու մասին: Ընտրությունների օրը Վրաստանի մոտ 400 քաղաքացիներ ուղարկվել էին Դոնեցկ, ծեծի էին ենթարկվել «Իմեդի» հեռուստաընկերության երկու լրագրողներ, եւս մեկ վրացի լրագրող՝ Թեա Ադեիշվիլին, ծեծի էր ենթարկվել Վիկտոր Յանուկովիչ ի թիկնապահի կողմից, երբ փորձել էր հարց տալ նախագահի թեկնածուին:
Դոնեցիկի քաղաքային խորհրդի քարտուղարի՝ Տարածաշրջանների կուսակցության ներկայացուցիչ Նիկոլայ Լավչենկոյի խոսքով, Վրաստանի քաղաքացիները Դոնեցկում էին գտնվում անորոշ նպատակներով:




























