Թուրքական Radikal-ը ներկայացնում է իսրայելական Haaretz թերթի հրապարակումը թուրք-իսրայելական վերջին զարգացումների վերաբերյալ։
Ըստ իսրայելական թերթի, Իսրայելի «գանգստերական դիվանագիտությունը» Թուրքիայի դեմ զավեշտալի է։ «Մի՞թե „Գայլերի հովտի որոգայթը“ ֆիլմը նկարահանում է Թուրքիայի վարչապետ Էրդողանը, որ նրան են մեղադրում՝ ֆիլմում հակաիսրայելական սցենարի համար։ Ընդհակառակը՝ հիշյալ սերիալը ցուցադրվում է Էրդողանի մրցակից Այդըն Դողանին պատկանող Star TV-ով», գրում է թերթը։
Իսրայելական թերթը անդրադառնում է նաեւ վերջին զարգացումներում բարոյականության թեմային, երբ Իսրայելի արտգործնախարարը հայտարարել էր, թե Թուրքիան վերջին երկիրն է, որ կարող է Իսրայելին բարոյականության դասեր տալ։ Եթե Իսրայելը բարոյականությամբ առաջնորդվեր՝ Թուրքիայի դեմ դուրս գալու փոխարեն կճանաչեր Հայոց ցեղասպանությունը,- նշվում է իսրայելական թերթում։




























