Լեռնային Ղարաբաղում նշել են Ստեփանակերտի արվարձաններից մեկի՝ Կրկժանի ազատագրման հերթական տարեդարձը: 1991թ. Կրկժանն ադրբեջանական կողմից վերածվել էր կրակակետի, որտեղից պարբերաբար գնդակոծվում էր Ստեփանակերտը:

Կրկժանի կրակակետերի ճնշման գործողությունը սկսվել է 1991թ. դեկտեմբերի 26-ին: Արվարձանն ազատագրվել է 1992թ. հունվարի 20-ին, դադարեցվել են գնդակոծումները: Ռազմական մասնագետները տվյալ գործողությունը համարում են ԼՂՀ Պաշտպանության բանակի ամենամեծ հաջողություններից մեկը:

«Մենք կարողացանք ապացուցել, որ կարող ենք հաղթել, կարող ենք պաշտպանել մեր երկիրը եւ այդ համոզվածությունը մեզ հետագա հաղթանակների հույս ներշնչեց: Այս կերպ մենք մոտեցրինք մեր այսօրը»,- նշել է թաղամասի բնակիչ Սարգիս Գալստյանը:

Կրկժանի ազատագրման միջոցառման մասնակիցները նկատել են, որ «ազգային-ազատագրական պայքարի յուրաքանչյուր հաջողություն պետք է ընդունել որպես տոն եւ այդ տրամադրությունը փոխանցել հետագա սերունդներին»:

Կրկժանի ազատագրման 20-ամյակին նախատեսվում է հուշակոթող կառուցել: