Վրաստանի քաղաքացի Սիմոն Շամանաուրիին, որ սարսափելի երկրաշարժի ժամանակ գտնվել է Հայիթիում, ոտքի կտրման վիրահատություն են կատարել: Ինչպես հաղորդում է Գրուզիա Online-ը, վկայակոչելով տուժածի հարազատներին, 42-ամյա Սիմոն Շամանաուրին ներկայումս գտնվում է Դոմինիկյան Հանրապետությունում:

Աղբյուրի տվյալներով, հարազատները դեռ չեն կարողանում տղամարդուն տուն հսցնել, քանի որ Հայիթի գնալը մեծ գումարներ է պահանջում: Նրանց նաեւ չի հաջողվում փաստաթղթերի հետ կապված խնդիրները լուծել, մասնավորապես՝ վիզաներ ստանալ:

Հիշեցնենք, որ Կարիբյան ավազանի համար սարսափելի այդ երկրաշարժը տեղի է ունեցել Հայիթիում՝ հունվարի 12-ին: 7 բալ ուժգնությամբ առաջին ցնցմանը հաջորդել են եւս երկու ցնցում: Եւս մեկ երկրաշարժ տեղի է ունեցել հունվարի 20-ին՝ 6,1 բալ ուժգնությամբ: Հզոր ստորգետնյա ցնցումների պատճառով, որ հողին են հավասարեցրել հանրապետության մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսը, վերջին տվյալներով, մահացել է 200 հազար մարդ, 250 հազարը տուժել են, իսկ 1,5 միլիոն մարդ մնացել են անտուն: Երկրի իշխանությունների կանխատեսմամբ՝ զոհերի թիվը կարող է հասնել կես միլիոնի:

Միեւնույն ժամանակ այսօր հայտնի է դարձել նոր ստորգետնյա ցնցման մասին, որ տեղի է ունեցել հունվարի 22-ի գիշերը: 5,9 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից 35 կմ հեռավորության վրա: