Վրաստանի պետական ռազմավարության բովանդակությունը Հարավային Օսիայի եւ Աբխազիայի առնչությամբ լիովին ընդունելի է երկրի կառավարության համար: Այդ մասին հունվարի 27-ին հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն՝ կառավարության նիստից առաջ:
Ինչպես հաղորդում է «GHN»-ը, Կալանդաձեն նշել է, որ բովանդակային առումով փաստաթուղթը պետք է հավանության արժանան, քանի որ այնտեղ կոնկրետ գաղափարներ են դրված:
«Այդ փաստաթուղթը ստեղծվել է տեղական խորհրդակցությունների արդյունքում, եւ նրա ստեղծման մեջ մասնակցություն են ունեցել նաեւ պետական կառույցների ներկայացուցիչներն ու փորձագետները»,- հայտարարել է փոխնախարարը:
Նա նշել է նաեւ որ պետական ռազմավարությունը կդառնա այն հիմնական հարցերից մեկը, որ կքննարկվի նիստի ընթացքում: «Հուսով ենք, որ այդ գաղափարները թղթի վրա չեն մնա, եւ մենք կկարողանանք դրանք իրականացնել, թեեւ դրա համար մեզ պետք է միջազգային կազմակերպությունների օգնությունը»,- հավելել է Կալանդաձեն:
Նրա խոսքով, ռազմավարությունը կոնկրետ նպատակներ ունի. «Այդ թվում՝ փախստականների վերադարձ, նրանց անվտանգության ապահովում եւ Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանում»:




























