Ամերիկացի գրող եւ աղմկահարույց «Նավթային անեծքը որպես ժողովուրդների զարգացման ձեւ» գրքի հեղինակ Մայքլ Լ. Ռոսին մտահոգում են Ադրբեջանում կայանալիք ընտրությունների տնտեսական հնարավոր հետեւանքները: Ըստ նրա՝ ընտրությունների շրջանում քարոզարշավի համար կառավարությունները վիթխարի գումարներ են վատնում, ինչը հարվածում է տնտեսությանը: Դա առավել զգալի է լինում հետընտրական շրջանում:
Turan-ի հետ հարցազրույցում Կալիֆոռնիայի համալսարանի քաղաքական գիտությունների պրոֆեսոր Մայքլ Ռոսը հույս է հայտնել, որ «Ադրբեջանում նախընտրական քարոզարշավն այլ կերպ կընթանա»:
Իր վերջին գրքում Ռոսը գնահատել է նավթային հարստությունների սխալ օգտագործման բացասական հետեւանքները եւ այն, թե դա ինչպես է անդրադառնում զարգացող երկրների ճակատագրի վրա: Շոշափել է նաեւ ժողովրդավարությանն ու ազատ տնտեսությանն առնչվող հարցեր: Նա վերջին անգամ Բաքվում եղել էր նախորդ տարվա հուլիսին: «Շատ առումներով ադրբեջանական հասարակությունը մեծ շահույթներ է ստացել նավթային հարստություններից: Խնդիրն այն է, որ տնտեսությունը մեծապես կախում ունի նավթային եկամուտներից, որոնք կսկսեն նվազել արդեն 2016 թվականից», - ասել է նա:
Երկրի տնտեսության դիվերսիֆիկացիայի խոչընդոտներից մեկը, ըստ քաղաքագետի, կոռուպցիան է: Համաշխարհային բանկի տվյալով՝ Ադրբեջանը բիզնես սկսելու համար բարդ վայր է՝ հատկապես միջազգային առեւտրի եւ շինթույլտվություն ստանալու առումով: Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների տվյալներով՝ Ադրբեջանն իր բյուջեի մասին քիչ տվյալներ է հայտնում, ինչի հետեւանքով Ազատ բիզնեսի ինդեքսում աֆրիկյան եւ մերձավորարեւելյան շատ երկրներից ցածր ցուցանիշ ունի:
Ռոսը նշել է, որ նավթ ունեցող երկրների կառավարությունները հիմնականում փակ են լինում՝ կոռուպցիան քողարկելու համար:
«Ադրբեջանում խնդիրը նավթով հարուստ այլ երկրներից վատ է: Բացի այն, որ կենտրոնական կառավարության բյուջեում թափանցիկություն չկա, գումարների մեծ մասն էլ յուրացվում է SOCAR-ի միջոցով, որն էլ ավելի անթափանց է», - հավելել է նա:




























