Վրաստանում ձերբակալվել է Միխայիլ Սահակաշվիլիի ուժայիններից մեկը, որին, որոշ տվյալներով, կասկածում են Մոսկվայում քրեական հեղինակությունների եւ վրացական ընդդիմության ներկայացուցիչների դեմ մահափորձերի կազմակերպման մեջ: Խոսքը Սահակաշվիլիի օրոք Աջարիայի սահմանադրական անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար Թեմուր Պատարիձեի մասին է, որը հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից հետո աշխատում էր Սահակաշվիլիին ենթակա պետական պաշտպանության ծառայությունում:

Վրացական լրատվամիջոցներում Պատարիձեի ձերբակալման լուրը հայտնվել էր հունվարի 16-ին: Նա Գլխավոր դատախազությունում հարցաքննվելուց հետո մեղադրյալների շարքում է դասվել: Նրան շահույթ ստանալու նպատակով շորթումներ կատարելու մեջ են մեղադրում:

Սակայն ապագայում Պատարիձեին առավել լուրջ մեղադրանքներ կարող են առաջադրվել, հունվարի 17-ին գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով լրագրող Շալվա Ռամիաշվիլիին եւ 2007-2012 բողոքի շարժման առաջնորդներից Գեորգի Խաինդրավային: 

Ռամիաշվիլին խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ ֆիլմ էր ցուցադրել այն մասին, թե ինչպես է Պատարիձեն չեչեն վարձու մարդասպաններին հանձնարարում սպանել «օրենքով գող» Վաթո Կիպիանիին: Սակայն չեչենները, 100 հազ. դոլար կանխավճար ստանալով, կապվում են Կիպիանիի հետ, պատանդ վերցնում Պատարիձեի եղբորը, որը միջնորդի դեր էր կատարում: Չեչենները եղբորը չսպանելու դիմաց Պատարիձեից եւս 100 հազ. դոլար են ստանում:

Ֆիլմի հեղինակը  «Կոմերսանտին» ասել է, որ պատվիրատուն ՆԳՆ-ի ղեկավարությունն էր, որն այդ ժամանակ գլխավորում էր Վանո Մերիաբիշվիլին:

Վրաց որոշ փորձագետների կարծիքով, Վաթո Կիպիանիի վրա հարձակման սցենարը շատ նման էր Մոսկվայում 2012-ի մայիսին վրացի գեներալ, Աջարիայում Վրաստանի բանակային բրիգադի հրամանատար Ռոման Դումբաձեի սպանության սցենարին: