Չնայած որ Ադրբեջանի Իսմայիլի շրջանում կատարվածի վերաբերյալ տեղեկատվությունը շատ քիչ է եւ հակասական, այդուհանդերձ, կարելի է նշել, որ  կատարվածը կապ ունի անցած տարի Գուբայում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ռուսաստանի ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւը:

Քաղաքագետի կարծիքով, Իսմայիլի իրադարձությունները սոցիալ-տնտեսական ենթատեքստ ունեն եւ կապված են ադրբեջանական շատ շրջանների տնտեսական վատ վիճակի հետ:

Արեշեւը նաեւ նշեց, որ կատարվածը կարող է բացասական հետեւանքներ ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա, քանի որ Ադրբեջանի իշխանությունների մոտ կարող է  հասարակական ցասումը  Ղարաբաղի կողմն  ուղղորդելու գայթակղություն  առաջանալ. «Իշխանությունները ժողովրդի մոտ «հայրենասիրական» զգացմունքներ կբորբոքեն` բնակչության ուշադրությունը  ներքաղաքական խնդիրներից «թշնամիների» վրա սեւեռելու համար»:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Ադրբեջանի Իսմայիլի շրջկենտրոնում անկարգություններ էին տեղի ունեցել` մոտ երկու հազար մարդու մասնակցությամբ: