Հայաստանում ամուսնալուծությունների պատճառների շարքում, բացի տնտեսական հոգեբանական գործոնների կա նաեւ երրորդ գործոնը՝ երրորդ անձի միջամտությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, մամուլի ասուլիսում նշել է սոցիոլոգ Ահարոն Ադրբեկյանը՝ ժամանակավորապես հանդես գալով հոգեբանի դերքում:
Նրա խոսքով՝ մեծ է ծնողների մասնակցությունը երիտասարդ զույգերի գործերին: Քիչ չեն դեպքերը, երբ զոքանչը կամ սկեսուրը ամուսնալուծության կատալիզատոր են դառնում: Ադիբեկյանի ներկայացմամբ՝ ամուսնալուծությունների թվով Հայաստանը միջին մակարդակի վրա է, նվազագույն ամուսնալուծությունները գրանցվում են մահմեդական երկրներում, իսկ առավելագույնը՝ Շվեդիայում, որտեղ 4 ամուսնություններից պահպանվում է միայն 1-ը: «Որքան բարեկեցիկ է երկիրը, այնքան թույլ են տնտեսական կապերը»,-նշել է Ադիբեկյանն՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր տարիքային խումբ ունի ամուսնալուծության իր պատճառները:
«Մինչեւ երեք տարի համատեղ ապրելու ընթացքում ամուսնալուծությունը նշանակում է, որ մարդիկ չեն կարողացել ինչպես հարկն է ճանաչել իրար: Ամենառիսկայինը 30 տարեկան հասակն է, քանի որ այդ ժամանակ, երբ երեխան դպրոց է գնում, կինն ազատվում է ընտանեկան հոգսերից եւ փորձում ինքնահաստատվել»,-հայտարարել է «հոգեբան» Ադիբեկյանը:
Նրա խոսքով՝ լինում են նաեւ ամուսնալուծություններ 40 տարեկանում եւ 5-6 տոկոս ամուսնալուծություններ են գրանցվում տատիկ-պապիկների մոտ:




























