Ֆրանսիայի իրավապահ մարմինները դեռ հարազատներին չեն հանձնել Ստրասբուրգի Քյոնիգսհոֆֆեն թաղամասի իր բնակարանում սպանված 65-ամյա հայի՝ Ռ. Ա.-ի դին: Նրան, հավանաբար, կհուղարակավորեն շաբաթվա ընթացքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Ռ.Ա.-ի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:
Մեր տեղեկություններով` Ռ. Ա.-ն տարիներ առաջ տեղափոխվել է Ստրասբուրգ կնոջ հիվանդության բուժման նպատակով, սակայն, ցավոք, նա մահացել է: Դրանից հետո հայ տղամարդը մնացել է Ստրասբուրգում, 4-5 տարի անց ամուսնացել է հայ կնոջ հետ եւ նրա հետ ապրում էր մի հարկի տակ: Մեզ հասած տեղեկություններով` դեպքի օրը երեկոյան գողության նպատակով դիմակավորված անձինք ներխուժել են նրանց բնակարան: «Գումար են փնտրել, եւ քանի որ իրենք գումար չեն ունեցել, ասել են` ինչ կա, ասել են` սա է, երկուսին էլ տանջել են, Ռ.Ա-ին սպանել են դաժանաբար ու թողել, գնացել են: 50-ամյա կինը վախեցած 30 րոպե մտել է սեղանի տակ, հարեւան կինն է նրանց հայտնաբերել: Ռ. Ա.-ի կինը հիմա վատ վիճակում է, գտնվում է հոգեբուժարանում, վերականգնողական բուժում է ստանում, վախեցած է, չի թույլատրվում նրա հետ խոսել»,- պատմեց մեր աղբյուրը:
Դեպքի մասին ընտանիքին շատ մանրամասներ հայտնի չեն, շենքում կան տեսախցիկներ, որոնք ֆիքսել են ելումուտը, դրանով այժմ զբաղվում են իրավապահները: Ոստիկանությունից ընտանիքին առայժմ հայտնել են, որ երկու հոգի են ներխուժել հայ ամուսինների բնակարան, որեւէ մատնահետք չեն թողել, նախնական տեղեկություններով` նրանք ռուսախոս են եղել, «Կովկասից են եղել, բայց երեւի թե հայեր չեն եղել»:
Ստրասբուրգում դաժանորեն սպանված հայ տղամարդը. նրան ճանաչողների փոխանցմամբ, գեղանկարչությամբ էր զբաղվում, լավ արհեստավոր էր, բարի մարդ, ուներ փոքր հողամաս, որը մշակում էր, օգնում էր հարեւաններին ինչ-որ բաներ սարքել, իր տանն էլ նկարում էր: Նա ունի մեկական որդի եւ դուստր եւ երկու թոռ, ովքեր ապրում են արտերկրում:
Փարիզում բնակվող մեր աղբյուրն ասաց, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ֆրանսիայի տարբեր քաղաքներում բնակվող հայերի ընտանիքների վրա գողության նպատակով հարձակումներ են լինում, ուրիշ զոհեր եւս կան: Նա հակված չէ մտածել, որ սա զուտ ազգամիջյան հողի վրա է եղել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիական Ստրասբուրգի Քյոնիգսհոֆֆեն թաղամասում իր բնակարանում հայտնաբերվել է 65-ամյա հայի՝ Ռ. Ա.-ի դին: Հրանսիական «Les Dernières Nouvelles d`Alsace» թերթը գրել էր, որ ժամը 23-ից հետո մի քանի մարդ մոտեցել են նրա տանը, ուր ինքն ապրում էր կնոջ հետ, եւ թակել են դուռը: Դուռը բացել է ինչ-որ մի կին: Նրանք բարձրացել են երկրորդ հարկ ու ներխուժել զույգի բնակարան: Անհայտ պատճառներով այցելուները դաժանությամբ հարձակվել են 65-ամյա կենվորի վրա:
Հետաքննության նախնական տվյալներով` այս սպանությունն առավել դաժանությամբ է կատարվել: Հարեւանները ճիչեր են լսել: Բնակարանում հայտնաբերվել են պայքարի հետքեր, որը վկայում այն մասին, որ զոհը փորձել է պաշտպանվել: Նրա մարմնին եղել են հարվածի մի քանի հետքեր:





























